Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 12-ի երեկոյան տեղի է ունեցել միասնության շուրջպար՝ արցախցի, ինչպես նաև Գորիսից ու Սփյուռքից ժամանած հարյուրավոր պատանիների և աղջիկների մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը, որը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ նախաձեռնել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարությունը, բաղկացած է եղել երեք մասից. ազգային ավանդական խաղեր, ազգային պարեր, այդ շրջանակում՝ միասնության շուրջպար և համերգային ծրագիր:
Ինչպես նշել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանը, պարային կատարումներով, այդ թվում՝ միասնության շուրջպարով, հանդես են եկել ««Արցախ» ազգային պար» նախաձեռնության մասնակիցները, Հադրութի շրջանի Տող, Մարտունու շրջանի Ճարտար գյուղերի արվեստների դպրոցների սաները, մարտակերտցի և գորիսեցի, ինչպես և Արցախում ամառային հանգիստ անցկացնող սփյուռքահայ տղաներն ու աղջիկները՝ շուրջ 300 հոգի:
Հրապարակում հավաքված հազարավոր ստեփանակերտցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև ազգային-ժողովրդագրական երգերից բաղկացած համերգային ծրագրով ելույթ է ունեցել Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը։
«Այս միջոցառումն արդեն ավանդական է դարձել և երրորդ տարին է, ինչ այսպես շուքով նշում ենք Երիտասարդության միջազգային օրը՝ փորձելով ամեն տարի մի նորություն մտցնել», -նշել է Դավիթ Ղուկասյանը՝ հավելելով, որ նման միջոցառումներով հանդես են եկել նաև զորամասերում:
Հավաստելով, որ միջոցառումը շարունակական կլինի, նախարարության բաժնի պատասխանատուն նշել է, որ նպատակն է ոչ միայն համախմբել հայ երիտասարդությանը և նպաստել նրա ռազմահայրենասիրական դաստիարակությանը, այլև օգնել, որպեսզի աճող սերունդը չմոռանա ու պահպանի ազգային և ավանդական երգերն ու պարերը, առհասարակ՝ հայկական մշակույթը, օժանդակել, որպեսզի աշխարհասփյուռ հայ երիտասարդներն անմիջական ու ջերմ մտնոլորտում շփվեն ու ճանաչեն իրար։