Երիտասարդ երգչուհի Մերի Մնջոյանը ցնցեց «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանն ու հաղթող ճանաչվեց: Որպես նվեր՝ երգչուհու համար պետք է տեսահոլովակ նկարահանվեր: Հաղթանակից մեկուկես տարի անց Մերին վերջապես ստացել է սպասված նվերը, իսկ առաջին մանրամասները վստահել է ESem.am-ին:)
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում օրերս կայացել է երգչուհու տեսահոլովակի նկարահանումը: «Երգը նոր է, կոչվում է «Հայաստան», հեղինակը գյումրեցի Արմինե Հովհաննիսյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Ինձ հետ կապված բոլոր տեսարաններն արդեն նկարահանվել են, հնարավոր է՝ զուգահեռ մի պատմություն էլ նկարահանվի և մոնտաժվի, սակայն մանրամասները բացահայտել այժմ չեմ ցանկանում»,- ասաց երգչուհին:
Մերիի փոխանցմամբ՝ երգը շատ հզոր է, հայրենասիրական ու հուզիչ, այդ պատճառով էլ ինքը ցանկություն ունի, որ պրեմիերան կայանա Անկախության օրը՝ Սեպտեմբերի 21-ին:
«Ճիշտ է, շատ երկար ժամանակ անցավ, բայց այս արդյունքի համար արժեր սպասել մեկուկես տարի: Շատ գեղեցիկ երգ է, տեսահոլովակն էլ երգին համահունչ է լինելու: Կարծում եմ՝ լսարանը կհավանի. յուրաքանչյուր երգիչ պետք է ունենա այսպիսի երգ: Մենք շատ հայրենասեր ենք, սիրում ենք մեր երկիրը, քաղաքը ու շատ սիրով եմ ներկայացնում այս ստեղծագործությունը»,- ոգևորությամբ նշեց երգչուհին:
Անդրադառնալով մեր հարցին՝ արդյոք տևական ստեղծագործական դադարը պատճառ չդարձավ, որ լսարանը սկսի մոռանալ նրան, Մերին պատասխանեց. «Մի փոքր եղավ այդպիսի բան. ես շատ լռեցի ու հանդիսատեսը մոռացավ Մաշա Մնջոյան անունը, սակայն հուսով եմ՝ բոլորը նորից կվերհիշեն ինձ: Համենայն դեպս, կարծում եմ, անունս շատ չի մոռացվել, ուղղակի երբ դու լռում ես, մարդկանց կողմից էլ չի հիշատակվում անունդ: Ամեն դեպքում ես սա չեմ անում, որ մարդիկ ինձ հիշեն, սա իմ սրտից սիրով արված աշխատանք է»:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը