Կասի երգիչն ու արցունքի կաթիլներ կհայտնվեն բոլոր նրանց աչքերում, ովքեր վաղուց բոլորել են 20-ամյակը: Իսկ քանի դեռ այդ տարիքում ենք, չենք էլ զգում դրա առավելություններն ու քաղցրությունը:
2000թ.-ից օգոստոսի 12-ին նշվում է մեր` Երիտասարդներիս միջազգային օրը: Ասել է թե` վայելիր տոնդ, որը տարիներ անց այլևս քոնը չի լինելու:
Նառա
Երգչուհի Նառան պատմեց, որ իր` պատանեկությունից անցումը դեպի երիտասարդություն բավականին արագ է եղել. «Երևի նրանից էր, որ բացի դպրոցից սովորում էի նաև երաժշտական դպրոցում. պատրաստվում էի ընդունվել կոնսերվատորիա: Այնքան զբաղված էի, որ նույնիսկ ավարտական երեկոյիս չեմ կարողացել մասնակցել: Իսկ բուն երիտասարդությանս տարիներին արդեն աշխատում էի Կոնստանտին Օրբելյանի նվագախմբում` որպես մեներգչուհի: Համերգներով մեկնում էինք հյուրախաղերի` նախկին Սովետական Միության տարբեր քաղաքներ: Շատ հետաքրքիր ժամանակ էինք անցկացնում, չնայած ամիսներով բացակայում էինք տանից: Այդ ժամանակ տղաս փոքր էր` 2-3 տարեկան, և հերթական համերգներից մեկի ժամանակ նա հանկարծ բարձրացավ բեմ, ոտքիցս բռնեց ու սկսեց բղավել` մամա՜, մամա՜...»:
Երգչուհին հիշեց նաև, որ ուսանողական տարիներին հաճախ էին քաղաքից դուրս գնում. «Մի օր համակուրսեցիներով որոշեցինք Սևան գնալ: Այն ժամանակ ոչ բոլորը մեքենա ունեին: 9 հոգով նստեցինք Վազ 2106 մակնիշի ավտոմեքենան և, չնայած նեղվածությանը, բարեհաջող տեղ հասանք»: Նառայի կարծիքով` այսօրվա երիտասարդների ժամանցն ավելի հետաքրքիր է, զբաղմունքը` շատ:
Ըստ նրա` այսօր մեծերի կողմից երիտասարդների ապրելակերպի մասին ընկալումն է փոխվել, ինչը շատ կարևոր է: «Կարծում եմ` երիտասարդները` և´ աղջիկները, և´ տղաները, պետք է ուսում ստանան, վայելեն ուսանողական տարիները: Եթե հետագայում նույնիսկ չաշխատեն, ապա կարող են ճիշտ կրթել և դաստիարակել իրենց երեխաներին: Իսկ հատկապես աղջիկներին խորհուրդ կտայի վայելել երիտասարդությունը և նոր միայն ամուսնանալ. թույլ մի տվեք բռնանալ ձեր «ես»-ին, և մի բռնացեք ուրիշի «ես»-ին»,- խորհուրդ տվեց Նառան:
Սյուզան Մարգարյան
«Իմ երիտասարդությունը ոչ սովորական է անցել: Կարելի է ասել` կողքից հետևում էի ընկերներիս երիտասարդությանը: 16 տարեկանից արդեն աշխատում էի «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլում: Այդ շրջանում փորձերը, ձայնագրություններն ու համերգները փորձում էի համատեղել դպրոցի դասերի հետ,- պատմեց երգչուհի Սյուզան Մարգարյանը և ավելացրեց,- այն ժամանակ Երևանում գործող միակ դիսկոտեկը Երիտասարդական պալատի ամենավերին հարկում էր:
Հիշում եմ, մի անգամ եղել եմ այնտեղ, սակայն այսօրվա դիսկոտեկների հետ համեմատելիս մեծ տարբերություն եմ տեսնում»: Երգչուհին պատմեց նաև, որ երիտասարդ տարիներին հաճախ էին քաղաքից դուրս գնում: «Մեր ընտանիքում ընդունված էր քաղաքից դուրս գնալը: Միշտ հարազատներով, ընկերներով կամ մի քանի ընտանիքներով էինք գնում: Մեզ հետ նաև խաղալու պարագաներ էինք վերցնում, ու ամեն ինչ հիանալի էր անցնում:
Բնության գրկում հանգստին զուգահեռ ժամանց անցկացնելը շատ ընդունված էր, իսկ այսօր բազմաթիվ ռեստորանային համալիրներ կան, որտեղ մարդիկ նախընտրում են անցկացնել իրենց ժամանցը,- նկատեց Սյուզան Մարգարյանը` հավելելով,- կցանկանայի, որ այսօրվա երիտասարդները հնարավորինս ուրախ անցկացնեն իրենց երիտասարդությունը: Շատ կարևոր է, որ այդ տարիները լինեն նաև նվաճումների, ձեռքբերումների և հաղթանակների տարիներ: Այսօրվա երիտասարդները թող վայելեն բոլոր այն հաճույքները, որոնք կարող են»:
Հրաչյա Հարությունյան
Դերասան Հրաչյա Հարությունյանը համոզված է, որ մարդը կարող է երիտասարդ լինել, բայց իրեն շատ ծեր զգա, բնականաբար, նաև հակառակը: «Այսօր տարիքով մեծ շատ մարդիկ կարծես երիտասարդ լինեն: Չեմ ընդունում, երբ ասում են, թե ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի: Ինձ համար ամենալավ տարիները երիտասարդությանս տարիներն են: Այն համարձակությունը, պայծառամտությունը, որ ունենում ենք երիտասարդ տարիքում, երբեք չեն կրկնվում»,- շեշտեց դերասանը:
Իր երիտասարդության մասին խոսելիս էլ` ասաց. «Հրաշալի երիտասարդություն եմ ունեցել: Արդեն 10-րդ դասարանում աշխատում էի «Հայհամերգում»` որպես օրիգինալ ժանրի արտիստ: Այդ տարիների հետ կապված ամեն ինչ յուրօրինակ էր: Այժմ չեմ կարող ասել, թե ինչն է ինձ մոտ տպավորվել, որովհետև յուրաքանչյուր պահս այդ տարիքում հիանալի է անցել: Երիտասարդները պետք է գնահատեն իրենց ամեն րոպեն, ժամը, վայրկյանն ու պահը»:
ESem.am