Հայաստանում մնջախաղի զարգացումը խթանելու և մնջախաղային արվեստը սերունդներին ավելի հարստացած փոխանցելու նպատակով Հյուսիսային պողոտայի տարածքում կստեղծվի Մնջախաղի զարգացման կենտրոն: Ստեղծվելիք կենտրոնում դերասանները հնարավորություն կունենան զարգացնել սեփական հմտությունները: Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը կենտրոնի ստեղծումն իրատեսական է համարում: Փաստում է՝ մնջախաղի թատրոնը բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն շենքի բացակայությունը մեծ դժվարություններ է առաջացնում:


«Մենք թատրոնի շենք չենք ցանկանում, մենք ցանկանում ենք ստեղծել Մնջախաղի զարգացման կենտրոն: Շատերը կարծում են, որ մեզ պարզապես թատրոնի շենք է պետք, բայց իրականում մենք մնջախաղի զարգացումը խթանելու նպատակ ունենք: Մնջախաղն ամուր նստած է մեր հայկական մտածողության մեջ: Պատահական չէ, որ մենք Փարաջանովի, Փելեշյանի նման աստղեր ունենք, որոնց մտածողությունը մնջախաղային է: Մեզ պետք է մի կենտրոն, որտեղ մենք կկարողանանք զարգացնել այն արվեստը, որին ունակ ենք: Կարծում ենք, որ կունենանք այդպիսի կենտրոն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ժիրայր Դադասյանը:

 

Այս օրերին Ծաղկաձորում շարունակվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը: Ժիրայր Դադասյանի համոզմամբ, մնջախաղի արվեստի և առհասարակ թատրոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Դրան զուգահեռ մեծ է հետաքրքությունը դեռևս 1990-ականներին Դադասյանի կողմից ստեղծված մնջախաղացներ պատրաստելու ստուդիայի նկատմամբ: Ստուդիայում սովորող երիտասարդները հետագայում դառնում են թատերախմբի անդամներ և ելույթ ունենում հանդիսատեսի առջև:  «Մենք ունենք մեր մշտական հանդիսատեսը, որը գնալով ավելի է շատանում»,-ընդգծեց նա:

 

Թեև թատրոնը բազմիցս ելույթներ է ունեցել տարբեր երկրներում, այնուամենայնիվ, Դադասյանը նշում է, որ հենց Հայաստանում է սիրում հանդես գալ:

 

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը հավելում է՝ թատրոնը Լեհաստանում հանդես գալու  հրավեր ունի: «Սեպտեմբերին Վրոցլավում մասնակցելու ենք «Stream» հայտնի փառատոնին: Սա աշխարհում շատ հայտնի մնջախաղի փառատոն է, և այդ փառատոնի տնօրենը նախկինում մասնակցել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին: Նա շատ էր ցանկանում մեզ այնտեղ հրավիրել»,-նշեց Դադասյանը:

 

Լեհական շրջագայություններին զուգահեռ՝ թատրոնը պատրաստվում է տոնել իր հոբելյանը: «Հրատարակության է պատրաստվում մի գիրք-ալբոմ, և տարեվերջին հոբելյանական երեկո կկազմակերպենք, որտեղ էլ կլինի գրքի շնորհանդեսը: Առ այսօր մնջախաղի թատրոնին առնչվող որևէ հրատարակություն չի եղել: Ալբոմում երևում է թատրոնի ամբողջ ճանապարհը»,-ընդգծեց Ժիրայր Դադասյանը:

 

Թատրոնի պատմության սկիզբը դրվեց 1969 թվականին` Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանի շնորհիվ, որի ստեղծած «Տուշպա» թատերախումբը մանրապատումների ծրագրով այդ տարի դարձավ հանրապետության ուսանողական «Գարուն» փառատոնի դափնեկիր։  Իր առաջին ամբողջական ներկայացմամբ թատերախումբը հանդես եկավ 1974 թվականի մայիսի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ , որի շնորհիվ ճանաչվեց «պրոֆեսիոնալ կոլեկտիվ» և ընդգրկվեց Հայհամերգի կազմում։ Այս տարեթիվն էլ թատրոնի ծննդյան օրն է։


Պետական կարգավիճակ թատրոնը ստացավ 1983 թվականին և վերանվանվեց «Երևանի մնջախաղի պետական թատրոն»։ 1998 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար դարձավ Ժիրայր Դադասյանը, ով ղեկավարում է թատրոնը ցայսօր:1999 թվականին թատրոնին կից ստեղծվում է մնջախաղացներ պատրաստելու ստուդիա՝ թատրոնի դերասան Համլետ Չոբանյանի ղեկավարությամբ։

Ռոզա Գրիգորյան