«Այն, որ մենք մահկանացու ենք, ունի իր հատուկ նպատակը». ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի խոսքերն են, որոնք նրա` ինքնասպանություն գործելուց հետո առավել խոր իմաստ են ձեռք բերել:  Միջազգային մամուլը, սոցիալական ցանցերը ողողված են սիրված դերասանի հիշատակին ափսոսանքի խոսքերով եւ նրա մարմնավորած դերերի մասին պատմող նյութերով, լուսանկարներով:


«Մեզնից յուրաքանչյուրին խենթության մի կայծ է տրված: Աշխատեք չխամրեցնել այն: Երբեք մի վիճեք տգեղ մարդկանց հետ: Նրանք կորցնելու բան չունեն: Ինչ էլ ձեզ մարդիկ ասեն, խոսքերն ու գաղափարները չեն կարող փոխել աշխարհը: Երբեք ինչ-որ բանից չվախենաք: Վերջին հաշվով թող վախը ոգեշնչման աղբյուր լինի ձեզ համար»,-«Արմենպրես»-ն առանձնացրել է Վիլյամսի իմաստալից խոսքերից մի քանիսը:


Ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսին մահացած են գտել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Տիբերոն քաղաքում գտնվող սեփական տանը: Օսկարակիր 63-ամյա դերասանն, ըստ ոստիկանության նախնական տվյալների, ինքնասպան է եղել:

 

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 11-ի առավոտյան: Մարին շրջանի շերիֆը հայտարարել է, որ Ուիլյամսի մահվան ենթադրյալ պատճառ է դարձել շնչահեղձությունը: Նա հավելել է, որ որպես հիմնական վարկած ոստիկանությունում դիտարկում են ինքնասպանությունը, սակայն մահվան վերջնական պատճառը կհաստատվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

 

 «Այսօր առավոտյան ես կորցրի իմ ամուսնուն և լավագույն ընկերոջը, մինչդեռ աշխարհը կորցրեց ամենասիրելի դերասաններից մեկին: Իմ սիրտը կոտրված է»,-«Ռոյթերսի» հաղորդմամբ՝ ասել է դերասանի կին Սյուզան Շնայդերը: 

 

Բազմաթիվ անվանի դերասաններ և երկրպագուներ սոցցանցերի իրենց էջերում ցավակցական խոսքեր են գրում դերասանի մահվան կապակցությամբ:

 

Դերասանի ընտանիքին և երկրպագուներին ցավակցել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ամերիկացի դերասան և կատակերգու Ռոբին Մաքլոուրին Ուիլյամսը ծնվել է 1951թվականին: Ճանաչված դառնալով ամերիկյան «Մորք և Մինդի» հեռուստասերիալի շնորհիվ՝ Ուիլյամսը 1980-ից սկսած հանդես է եկել մի շարք ֆիլմերում։ 1997-ին նկարահանված «Խելոք Ուիլ Հանթինգը» ֆիլմի համար ստանում է «Օսկար»՝ լավագույն երկրորդ պլանի տղամարդու դերասան անվանակարգում։ Մյուս հայտնի ֆիլմերից են «Ջումանջի», «Միսիս Դաութֆայեր», «Մոսկվան Հուդզոնի վրա», «Ֆլոբբեր» և այլն։Ստացել է նաև 2 «Էմմի», 4 «Ոսկե Գլոբուս», 5 «Գրեմմի» և ա յլ պարգևներ։