Կոտայքի մարզային գրադարանը սպասարկում է 13 քաղաքային և 54 գյուղական գրադարանների: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կիրակի այցելելով Հրազդան քաղաք` հանդիպեց Մարզային գրադարանի աշխատակիցների հետ: 


Զրուցելով գրադարանների աշխատակիցների հետ` մշակույթի նախարարը տեղեկացավ իրենց հուզող հարցերին, որոնցից են մի շարք պահանջված գրականության պակասը, ֆինանսների և համակարգիչների սղությունը, մի շարք գրադարանների հավատարմագրման դիմելու վերաբերյալ առաջացած խնդիրները: 


«Մեր առաջին խնդիրը հանդիսանում է վերականգնել ցանցային տեղեկատվական համակարգը, որը կբարձրացնի էլեկտրոնային տպագրության կիրառելությունը, քանի որ որքանով էլ գնենք տպագիր գրականություն, մենք չենք կարողանա լիարժեք բավարարել առկա պահանջարկի բազմազանությունը: Առաջնային լուծման ենթակա խնդիրներից է մերժված մանկական գրքերի ցանկը, որը գրադարանները  պետք է ներկայացնեն նախարարությանը աջակցություն ստանալու համար», - խոսելով առաջնային լուծման ենթակա խնդիրների մասին` ասաց Հասմիկ Պողոսյանը: 


Կոտայքի մարզային գրադարանն ստեղծվել է 1930-ականներին, որպես Ներքին Ախտայի գրադարան և ունեցել է 300 օրինակ գիրք: Այնուհետ այն  վերածվել է Հրազդանի քաղաքային գրադարանի: Այսօր գրադարանը, որի հավաքածուն ունի 76800 օրինակ տպագիր գիրք և պարբերական մամուլ, սպասարկում է շուրջ 5700 ընթերցողի: Որպես Կոտայքի մարզային գրադարանի կարգավիճակ է ստացել 2011-ին: