Հայ արիներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հերթական անգամ նշել են Նավասարդի ավանդական տոնը: Այն նշվում է բազում դարեր, եւ այդ օրը փառաբանվում է Դյուցազուն Հայկը՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական կենտրոնից, օգոստոսի 11-ին Երեւանում` Հայկ Նահապետի արձանի մոտ, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն է կազմակերպվել, որտեղ փառաբանվել են Հայ Աստվածներն ու մեր հզոր նախնին՝ Հայկը: Տոնն ավարտվել է գինեձոներով համեմված ավանդական ուտեստների համտեսմամբ:

 

Մինչ այս, մի քանի օր շարունակ, հայ-ադրբեջանական հերթական բախումների ժամանակ, արիադավան-հեթանոսական ծիսական արարողություններ են կազմակերպվել նաեւ հանրապետության մի շարք հնավայրերում եւ Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Միջոցառումներին առանձին խմբերով մասնակցել են նաեւ «Հայ-Արիական» ուսանողական, «Հայ-Արիներ» երիտասարդական, «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբները, ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպությունը եւ ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը, որոնց ներկայացուցիչները իրենց հավատարմությունն են հավաստել ազգին ու հայրենիքին:

 

Այս օրերին հայ արիականներն ու ազգայնականները նաեւ երդման արարողություններ են կազմակերպել՝ այցելելով Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղված երեք սրբավայրեր, Սասունցի Դավթի, Տորք Անգեղի եւ այլ հուշարձանների մոտ:

 

Մեր փառահեղ նախնի Հայկը, ինչպես Սասնա Դավիթը Հայոց էպոսի, Արարչի եւ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց երկիր, որ ազատագրի այն մեր սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից: Այդ օրը` աշնանային արեւադարձից 40 օր առաջ, Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց երկիրը ու հային բերեց ազատ կյանք:

 

Հայ ազգը Արարչի արարած 7 բնածին ազգերից մեկն է, եւ Հայոց փառահեղ նախնին ազգի այն ներկայացուցիչներից է, ով մեր պատմական Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ հայ տեսակի առաքելությունը:

 

Արարիչն է արարել Հայ Աստվածներին՝ ստեղելով Հավերժող առաքելություն յուրաբնույթ (ՀԱՅ), որ պիտի տիեզերական առաքելությունն իր շարունակեր նաեւ Երկրում, արդեն որպես արարչածին ազգատեսակ ու մարդատեսակ: Արարիչն Արարեց Արարածին Արարատում եւ Արարչածին Արարածն այդ Հայ Աստվածների զարմից էր եւ ուներ Հավերժող առաքելություն յուրաբնույթ: Նա Արի մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը՝ Արորդիների՝ Երկրային Աստվածների ծինը (Գենը): Եվ Հայկը կատարեց իր երկնային առաջադրանքը, որ երկրային առաքելությունն էր իր: Վերակագնվեց հայի իշխանությունը Հայոց հավիտեն ական հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի նախապապերի երկրում:

 

Հաղթելով Բելին՝ Հայկը զարկ տվեց վերազարթոնքին, հայության վերելքի մի նոր դարաշրջան բացեց ու հետագա սերունդները դա գնահատելով փառաբանեցին Հայկյան հաղթանակը, իսկ Նավասարդը երկար ժամանակ  (մարտին նշվող Հայոց Ամանորից հետո) նշվում էր  որպես Նոր Տարի՝ Նոր Վերածննդի ու Կյանքի օր:

 

Օգոստոսը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: