Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանը պատրաստվում է նոր ցուցադրության` նվիրված Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Ցուցադրությունը կկազմակերպվի վերջերս հիմնանորգված երկու սրահներից մեկում, որտեղ կներկայացվեն Մեծ հայրենականի մասնակից կապանցիների լուսանկարներ, նամակներ, այլ անձնական իրեր: Սրահի մի փոքր անկյուն էլ կտրամադրվի Աֆղանստանի պատերազմին կապանիցների մասնակցությանը:


Թանգարանի տնօրեն Արմեն Գեւորգյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ երկու սրահների հիմնանորոգման համար ծախսված 8,8 մլն դրամ գումարը տրամադրել է «Կապան» հիմնադրամը: Եվս 2 մլն դրամով ձեռք է բերվելու գույք: Թանգարանում երկու սրահներից բացի նորոգվել են սանհանգույցները, փոխվել է ջրահեռացման համակարգը, նորացվել են լուսամուտները, կատարվել ներքին հարդարման աշխատանքներ: Հիմնանորոգված ավելի քան 240 քմ տարածքում, որ նախկինում ծառայել է որպես պահեստային մաս:

 

Շինաշխատանքներն իրականացրել է մրցույթում հաղթած «Էդ-Սյուն» ՍՊԸ-ն: «Նախատեսել ենք նորոգված մյուս ցուցասրահում էլ կազմակերպել Կապան քաղաքի եւ  տարածաշրջանի խորհրդային շրջանի պատմությունը: Մասնավորապես, կներկայացվեն այն ժամանակվա հիմնարկ-ձեռնարկությունների, մշակութային, կրթական օջախների պատմությունները, կցուցադրվեն լուսանկարներ, որոնք հեղինակել է Շ. Մովսիսյանը:

 

Տարիների ընթացքում դրանք խունացել են, սակայն թարմացվել եւ նոր տեսք են ստացել», - ասաց թանգարանի տնօրենը: Թանգարանի մոտ 200 քմ տարածք դեռեւս նորոգման կարիք ունի: Սակայն այդ տարածքում կա մի սրահ, որտեղ ներկայացված է մարզի հանքարդյուանբերությունը՝ Ագարակից մինչեւ Դաստակերտ, որը հանելու դեպքում կարող է վնասվել եւ դառնալ ցուցադրության համար ոչ պիտանի: Տնօրենի խոսքով, նորոգումն սկսելուց առաջ պետք է ցուցաբերել մասնագիտական մոտեցում:

 

Թանգարանի հիմնանորոգված տարածքի մի մասը կտրամադրվի «Կապանի վետերանների տարածքային խորհրդին»:

Գոհար Իսախանյան