
Արցախի զարմանահրաշ բնության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում էի, ու որոշեցի անպայման պատմել քեզ տպավորություններիս մասին: Անգամ լարված այս օրերին Արցախում քիչ չէին զբոսաշրջիկները, և դա բնական է. հրաշալի այս վայրում այցելելու տեղեր շատ կան: Արցախի մասին պատմելիս կսկսեմ «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցից:
Եթե դու էլ ակտիվ հանգստի սիրահար ես, պարտադիր պետք է լինես «Հունոտի կիրճում»: Այստեղ ճանապարհը հնարավոր է անցնել միայն ոտքով: Խիտ անտառի միջով անցնող ճանապարհը տանում է դեպի «Մամռոտ քար» ջրվեժ, որն արցախցիների շրջանում հայտնի է «Զոնտիկներ» անվամբ: Ջուր-աղբյուրը բավականին հորդառատ է, շատ հետաքրքիր ու գեղեցիկ, այդ իսկ պատճառով գրավում է բոլոր այցելուներին: Շուշիում կատակում են, որ եթե «Զոնտիկներում» չես եղել, չես կարող ասել, թե տեսել ես Արցախի բնությունը:
«Հունոտի կիրճում» պահպանվել են ավելի քան մեկ տասնյակ ջրաղացների ավերակներ: Ժամանակին դրանք մեծ դեր են ունեցել Շուշի և մոտակա բնակավայրեր ալյուր մատակարարելու հարցում: Այստեղ պահպանվել են Հունոտ գյուղի ավերակները: «Հունոտի կիրճում» կան նաև հետաքրքիր քարանձավներ, որոնցից Ավանա Կարանը ժամանակին ծառայել է որպես բնակատեղի:
Այս արգելոցում է ներառված նաև Կատարոտը (Ջդրդուզ), որը քեզ հնարավորություն է տալիս կանգնել երազանքներիդ ամենաբարձր կետում ու զգալ՝ ինչ ասել է ազատություն:
Արցախի բնությամբ հիացավ Ամալյա Հովհաննիսյանը