«Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության երկրորդ մրցութային փուլում մրցակցությունը կշարունակեն 20 թիմ, որոնք մրցում են նախապես հայտարարված 8 անվանակարգերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին, Մերգելյան ինստիտուտում:

 

Առաջնությանը գրանցումը դեռևս բաց է, բոլոր ցանկացողները կարող են գրանցել իրենց խաղերը մինչև հոկտեմբերի 12-ը: Վաղօրոք գրանցվողները հնարավորություն կունենան պարբերաբար հանդիպել մրցույթի ժյուրիի անդամների հետ և ստանալ խորհուրդներ խաղերի հետագա զարգացման վերաբերյալ:

 

Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը 3 մլն  դրամ է: Առաջնության մասնակիցները նաև հնարավորություն ունեն անվճար մասնակցելու «Բաց Խաղ»-ի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին, վարպետության դասերին և ԻՏՁՄ կազմակերպած միջոցառումներին: Մրցութային 2-րդ փուլին կարող են ներկա գտնվել ոլորտով հետաքրքված բոլոր ցանկացողները:

 

Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, դուրս գալ միջազգային շուկա, մոտիվացնել երիտասարդների հետագա ներգրավումը ՏՏ ոլորտում: