Մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ վերահրատարակվել է 1897 թ-ին տպագրված «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուն: «Արմենպրես»-ն օգոստոսի 8-ին ներկա գտնվեց «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում» կայացած հազարից ավելի էջ ունեցող գրքի շնորհանդեսին:
Գրքի հեղինակն իրավապաշտպան և գրականագետ Գրիգոր Ջանշյանն է, ով վաճառքի ամբողջ հասույթը Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան միջոցով փոխանցեց Կոնստանդնուպոլսում Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ պատրիարք Օրմանյանին: Այդ գումարների շնորհիվ Կոնստանդնուպոլսում և Արևմտյան Հայաստանում կառուցվեցին 12 որբանոցներ, որտեղ ապաստան գտան Համիդյան ջարդերից որբ մնացած հայ երեխաներ:
Գրքի վերահրատարակման աշխատանքներին մասնակցություն ունեցած Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ղեկավար Արամ Կարապետյանի խոսքով, որպես ռուսահայ մտավորականության վառ ներկայացուցիչ` Գրիգոր Ջանշյանը երբեք աչքի չի ընկել Հայաստանի նկատմամբ հայրենասիրությամբ և 1891 թվականին առաջին անգամ գնալով Կոնստանդնուպոլիս, հայերի մասին նույնիսկ տող չէր գրել:
«Սակայն Կոնստանդնուպոլիսից հետո հորձանք տվեց իր մեջ հայկական ծագումը: Իր նման մտավորականը Կոնստանդնուպոլիս այցելելուց հետո չէր կարող չտեսնել այն ահագնացող վտանգը, որը քիչ անց կատարվեց Թուրքիայում: Եվ հենց Համիդյան ջարդերի սկզբին նա եկավ Հայաստան և տեսավ անհամար որբերի և գաղթականների, իսկ արդեն հաջորդ շաբաթ «Ռուսկիե վեդոմոստի» թերթը գրեց հոդված, որտեղ նա «Անարգանքի սյունին էր գամում» Օսմանյան կառավարությանը», - ասաց Արամ Կարապետյանը:
Նա հավելեց, որ տպագրելով «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ռուսալեզու գիքը, Ջանշյանն իր առջև նպատակ էր դրել փոխել այդ ժամանակ լայն տարածում ունեցած հայերի նկատմամբ բացասական կարծիքը: «Այդ պատճառով գիրքը կոչ էր ռուս մտավորականությանը` ծանոթանալ հայ ժողովրդին, որն ունի անցած մեծ ճանապարհ: Հայ ժողովրդի նկատմամբ ռուս մտավորականության կողմից գոյություն ունեցող ջերմության հիմքը դրվել է հենց այս գիրքով», - ընդգծեց Արամ Կարապետյանը:
«Հայագիտակ» հրատարակչության հիմնադիր, տնօրեն Ալբերտ Իսոյանի խոսքով` «այս գրքի վերահրատարակմանը պատրաստվելը բավականին ծանր գործ էր, քանի որ դժվար էր այն հրատարակել լուսապատճենային սկզբունքով. վերանկարվել են բոլոր լուսանկարները: «Ջանշյանը բաժանորդագրել ու վաճառել է գիքն իր բոլոր ծանոթներին, իսկ իր շրջապատում շատ էին ռուս մտավորականները: Նա նույնիսկ չէր ամաչում` մտնելով հայերի տները, կոչ էր անում բաժանորդագրվել, որպեսզի հնարավորություն լինի օգնել հայ ազգին», - ասաց Ալբերտ Իսոյանը:
«Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» գիրքը հանդիսանում է յուրահատուկ հայագիտական հանրագիտարան, որի ստեղծման մեջ մասնակցություն են ունեցել հայտնի գրողներ, արևելագետներ, գիտնականներ և պատմաբաններ:
Գրքի ձևավորման մեջ մեծ ներդրում են ունեցել Հովհաննես Այվազովսկին և Վարդգես Սուրենյանցը: ժողովածուում հոդվածներով հանդես են եկել Լև Տոլստոյը, Ա. Չեխովը, Կ. Տիմիրյազևը, Վ. Աոլովյովը, Մ. Կովալսկին, Ա. Վեսելովսկին, Ա. Կոնին:
«Շատ չեն այն գործիչները, ովքեր իրենց վաստակը ծառայեցրել են հայ ժողովրդի հոգսերին, մեր ժողովրդի հանդեպ այլ ազգերի բարեհաճ վերաբերմունքը ձևավորելուն: Դրանցից էր Ջանշյանը: Մենք ամիսներ շարունակ փորձում էինք արխիվներում գտնել հայ արվեստագետների արձագանքը Համիդյան ջարդերին, օրինակ՝ Վրթանես Փափազյանի, ով կոչով դիմել էր հայ երևելիներին, աշխարհի հանրությանը, սակայն ցավոք այն ժամանակվա հայ մտավորականությունն առանձնապես աչքի չէր ընկնում հայրենասիրությամբ: Այնուամենայնիվ մենք Յուրի Վեսելովսկու անձնական թղթերի մեջ գտանք պահպանված ձևաթուղթ, որը տպագրվել էր 1900 թ-ին` Ջանշյանի մահվանից քիչ անց», - պատմեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
Գրիգոր Ջանշյանը ծնվել է 1851թ-ին Թիֆլիսում, գորգավաճառի ընտանիքում: Ավարտել էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի գիմնազիան, այնուհետ ՄՊՀ իրավաբնական ֆակուլտետը: Ճանաչում էր ձեռք բերել «Մեծ ռեֆորմների դարաշրջանը» (1892) աշխատությամբ և հանդիսանում էր «Ռուսկիե վեդոմոստի» (ռուս.) թերթի հրատարակիչ-խմբագիրևերից: