Երևանում «Նոութի Սեշն» ( Naughty Sessions) նախագծի թիմը Երևանի Սիրահարների այգում օգոստոսի 9-ին կազմակերպում է էլեկտրոնային երաժշտության առաջին և իր տեսակով աննախադեպ փառատոնը, որը կդառնա այս տարի Վրաստանում անցկացվող հանրաճանաչ «Կազանտիպ» (Kazantip) փառատոնի ներկայացուցիչը։ Մինի-փառատոնը կտևի կեսօրից մինչև կեսգիշեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միջոցառման կազմակերպիչները, հայաստանյան փառատոնը հնարավորություն կտա պատկերացում կազմել Kazantip, Awakenings, BPM և միջազգային այլ փառատոնների մասին: Տարածքը կփակվի, և, բացի հյուրերից ու մասնակիցներից, այլ մարդիկ չեն կարողանա ներկա լինել դրան: Հայաստանում ամենահայտնի տեխնո դիջեյներից բացի, կնվագեն նաև եվրոպական շատ փառատոնների մասնակցած վրացի դիջեյներ Գրինբիմը և Լեոնը:
Սիրահարների այգում փառատոնի օրը ոչ միայն երաժշտության տոն է լինելու, այլև պարեր, յոգայի դասեր, դաջվածքներ, բազմաթիվ զվարճալի մրցույթներ, տեսալուսային շոու, մեծ «LED» էկրանների վրա կցուցադրվեն տեսաշարեր: Իսկ օրվա մասնակիցներից 2 ամենահաջողակները կշահեն KaZantip-ի 2 տոմս։