Մեր մայրերը բոլորից լավ են ճանաչում մեզ, ուստի՝ հայտնիների մանկությունն ու բնավորությունը բացահայտելու լավագույն միջոցը նրանց մայրերի հետ զրուցելն էր:) «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Սպոյին մարմնավորող Դավիթ Թադևոսյանը բավականին աշխույժ երեխա է եղել: Նրա մայրը՝ տկն Էմման, ESem.am-ին պատմել է որդու «քաջագործությունների» մասին:)

 

 

Դավիթ Թադևոսյանի մայրը տնային տնտեսուհի է: Նա մեր զրույցի հենց սկզբում նշեց, որ որդին շատ խելացի երեխա էր: «Դավիթը ծնվեց իր ավագ եղբոր մահվանից հետո ու դարձավ մեր նոր կյանքի սկիզբը: Բոլորս յուրահատուկ էինք սիրում նրան,  և նա այնքան էր ընդունում այդ սերը, այնպես էր փոխադարձում, որ թվում էր` մեծ մարդ է:  Մինչև երկու տարեկան շատ ենք երես տվել նրան ու շատ չարաճճի էր, բայց նաև վերին աստճանի ընդունակ:

 

Կարողանում էր բազմանիշ թվերը մտքով գումարել և մեզ ասել ճիշտ պատասխանը»,- հպարտությամբ ասաց տկն Էմման: Նա միշտ կարծել է, որ որդին մաթեմատիկոս կդառնա: «Վերլուծող միտք ուներ: Իններորդ դասարանում, երբ նա արդեն Թատերական խմբակի էր գնում, ես ասում էի` մի՛ հավատացեք, նա մաթեմատիկոս է դառնալու, նա հինգ տարեկանից ցույց է տվել իր հմտությունները, սակայն ավարտական քննության ժամանակ հայերենը բացարձակ գերազանց  պատասխանեց: Այդ շրջանում պարապում էր ու խորությամբ ուսումնասիրում հայ գրականությունը, տնօրենը ձեռքերը բարձրացրել է ու ասել` Դավիթ,  էլ ոչինչ չունեմ ասելու, քեզ մեծ բեմեր եմ մաղթում»,- ոգևորությամբ շարունակեց դերասանի մայրը:

 

 

Փոքր հասակում Դավիթը շատ է սիրել խաղալ մեքենաներով, որոնք, սակայն, մի երկու ժամ կամ երկու օր խաղալուց հետո ուրագով կոտրել է ու դուրս շպրտել: Ութ տարեկանում դերասանն ունեցել է իր առաջին համակարգչային խաղը, որով տարված այնքան է խաղացել, մինչև հաղթի :)

 

Ըստ տկն Էմմայի՝ երբ Դավիթն ինը տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Լեհաստան, որտեղ նա շատ արագ է սերտել լեզուն: «Սկսեց անգլերեն սովորել, լողի էր գնում, շատ հաջողություններ, բազմաթիվ ընկերներ ուներ: Ուսուցիչները սիրում էին Դավթիս, քանի որ չարաճճի լինելուց բացի նաև խելացի էր, իսկ ահա հասակակիցների ծնողները պարբերաբար բողոքում էին իրենց որդուն նեղացնելու համար:)»,- հիշեց տկն Էմման:

 

Դերասանը շատ է սիրել նկարել, սակայն դա նրա մոտ լավ չի ստացվել, երգելը ևս լավ չի ստացվել Դավթի մոտ :) «Հանդեսների ժամանակ ես նրան միշտ ասում էի` դու մի ձայնակցի, դու լուռ կանգնի: Առաջին դասարանի հանդեսին չդիմացա, դահլիճից ասում էի` Դավիթ ջան, դու մի երգի, սուս, սակայն նա առաջին դասարան էր և պետք է երգեր»,- ծիծաղելով պատմեց մայրը:

 

Տկն Էմման հիշեց նաև որդու՝ իր գլխին բերած փորձանքներից: «Լեհաստանում մեր տան դիմաց մեծ լիճ կար, որը ձմռանը սառչում էր: Նա այնտեղ գնդականման մի բան էր տեսել ու հենց դեկտեմբերի 31-ին սառույցի վրայով քայլելով գնացել էր, որ վերցնի այն: Ճանապարհին սառույցը կոտրվել էր, ու նա  ընկել էր ջուրը: Մենք էլ տեղյակ չէինք, գիտեինք՝ բակում խաղում է:

 

Հարևանները նրան շատ էին սիրում, տեսել են ու օգնության վազել: Փրկարարներ, շտապ օգնություն էին կանչել, նույնիսկ՝ վերամբարձ կռունկ էին բերել, բայց մենք բանից անտեղյակ էինք, չգիտեինք, որ դա մեր բալիկի համար է: Բակում մեծ անցուդարձ էր, տագորս կինն էլ էր մեզ հետ, եկավ, ասաց` Դավիթը թրջվել է, լողացրել եմ, պառկացել: Հորեղբոր կնոջն ասել էր` մաման չիմանա, կզայրանա: Մենք էլ գիտեինք ձյան հետ է խաղացել ու թրջվել»,- որդու «քաջագործություններից» պատմեց տկն Էմման :)


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը