Oգոստոսի 5-ին, վաղ առավոտյան Նիկոսիայի իր բնակարանում մահացել է «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սեպուհ Աբգարյանը: Համույթի ֆեյսբուքյան էջում գրված է.

 

«Յետ կարճատեւ հիւանդութեան եւ վաստակաշատ ու բեղմնաւոր կեանքի, ԳՈՀԱՐ Մեծ Ընտանիքին, Մելգոնեան Կրթական Հաստատութեան եւ իր սիրելի աշակերտներուն ու բարեկամներուն ու երկրաւոր կեանքին հրաժեշտ տուաւ Սփիւռքահայ արուեստագէտներու եւ մանկավարժներու ամէնէն պայծառ եւ ինքնատիպ դէմքերէն մին՝ Մայեսթրօ Սեպուհ Աբգարեանը։

 

Երեքշաբթի 5 Օգոստոս 2014ի կանուխ ժամերուն, Նիկոսիոյ իր բնակարանին մէջ, այս աշխարհին իր աչքերը փակեց եւ հոգին երկնային արքայութեան աւանդեց Մարդ մը, որուն գիտակցական ամբողջ կեանքը եղաւ Գեղեցիկին, Վեհին ու Ազնիւին նուիրում մը, որ կէս դար ծառայեց Հայ Դպրոցին ու Արուեստին, անոնց զոհասեղանին կիզելով իր հոգին ու միտքը։

 

Սեպուհ Աբգարեանի անդարձ մեկնումը կը սգան ԳՈՀԱՐ Համոյթի մեկենաս՝ Խաչատուրեան ընտանիքն ու Համոյթի բոլոր անդամներն ու պատասխանատուները, ինչպէս նաեւ Մելգոնեան Կրթական Հաստատութեան աշխարհատարած սան- սանուհիները։

 

Յիշատակն արդարոց օրհնեալ եղիցի»։ 

 

Լուրեր.com-ի անձնակազմը հայտնում է իր ցավակցությունը մաեստրոյի հարազատներին, ընկերներին և նրա արվեստը գնահատողներին: