Արդեն մի քանի ամիս է` երգչուհի Եվա Ռիվասը աշխատանքի բերումով Երևանում է: Այս ընթացքում ESem.am-ը հնարավորություն ունեցել է բացառիկ հարցազրույց անցկացնել երգչուհու հետ: Այս անգամ երգչուհուց հետաքրքրվել ենք, թե ինչով է զբաղված: «Երևան գալուս նպատակը միայն մեկն է` զբաղվել իմ կարիերայով: Շատ եմ սիրում երևանյան միջավայրը, միայն այստեղ է, որ կարողանում եմ 100 տոկոսով նվիրվել իմ գործին: Արդեն մի քանի երգ եմ ձայնագրել, տեսահոլովակ նկարահանել: Մի խոսքով, աշխատանքային բուռն գործունեություն եմ ծավալում: Սիրում եմ, երբ ամեն ինչ իդեալական է լինում»,- ասաց Եվան:

 

 

Աշխատանքից բացի, երգչուհին հասցնում է նաև վայելել հանգիստը: «Մեկ անգամ արդեն հասցրել եմ հանգստանալ Էմիրաթներում, չնայած շատ կարճ ժամանակով. քանի որ լարված էի և գերհոգնած, լիցքաթափվելու կարիք ունեի: Սակայն այս ընթացքում, հագեցած գործունեության արդյունքում, նորից  ուժերի վերականգնման կարիք ունեմ: Բոլոր ծրագրերը ավարտելուց հետո կրկին կմեկնեմ հանգստանալու, սակայն դեռ չգիտեմ` ուր և ում հետ, սակայն հաստատ կարող եմ ասել, որ դա կլինի ծովափնյա վայր»,- ավելացրեց Եվան:

 

 

Երգչուհու խոսքով՝ շատ է սիրում Սևանը և հարմար առիթ և ազատ ժամանակ ունենալու դեպքում անպայման ժամանցն այնտեղ է անցկացնում: «Թեև սիրում եմ նաև տարբեր լողավազաններ հաճախել: Սովորաբար ծովափ կամ լողավազան միայնակ չեմ գնում, նախընտրում եմ ընկերական միջավայրը. այդպես ժամանակն էլ ավելի հաճելի է անցնում»,- ESem.am-ին խոստովանեց երգչուհին:

 

Վերջերս նա նոր ֆոտոշարքեր է անցել: Ըստ Եվայի` պատրաստ է 24 ժամ աշխատել, որպեսզի հասնի նպատակադրված արդյունքին: «Եթե նկարահանումների գաղափարն ինձ դուր է գալիս, ապա պատրաստ եմ մինչև վերջ նվիրվել գործին: Քանի որ այժմ իմ ստեղծագործական կյանքում բավականին ակտիվ ժամանակաշրջան է, երկու ֆոտոշարք արեցի՝ պորտֆոլիոն թարմացնելու նպատակով: Դրանցից մեկի միջոցով  ուզում եմ կոչ անել`պահպանել մեր ազգային դիմագիծը, մեր երևանյան ճարտարապետությունը, մեր առանձնահատկությունները: Իսկ մյուսն իրականացվել է լուսանկարչի առաջարկով. որոշեցինք մի փոքր վերադառնալ մանկություն ու ֆոտոնկարահանումներն իրականացրինք Մանկական երկաթուղում»,- հայտնեց Եվան:

 

 

Տեղեկացնենք, որ «Վերադարձ» երգի հիման վրա նա նոր տեսահոլովակ է օրերս նկարահանել:  «Խոսքերի և երաժշտության հեղինակը Աննա Հովերն է, գործիքավորումը Հայկոյինն է, տեսահոլովակի ռեժիսորը՝  Միհրան Ստեփանյանը: Չեմ ուզում փակագծերը բացել, թե ինչ թեմատիկայով և ինչ սյուժեի հիման վրա է նկարահանվել. շուտով ինքներդ հնարավորություն կունենաք այն տեսնելու և գնահատելու»,- նկատեց երգչուհին:

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը