Ո՞վ կարող է մեզ ճանաչել ավելի լավ, քան մեր մայրը: Նա անհավանական մի ուժով զգում է ցանկացած բան, որ կապված է մեզ հետ: Մեր մայրերը ոչ միայն անսահման նվիրված են մեզ, այլև մեզ բոլորից լավ են ճանաչում: Հայտնի մարդկանց իրենց ծնողների աչքերով ներկայացնելու առիթներ ESem.am-ը բազմիցս ունեցել է: Իհարկե, մայրիկների կարծիքը խիստ սուբյեկտիվ է, սակայն հետաքրքիր: Նրանք հիշում են զավակների մանկության բոլոր դրվագները ու միշտ ոգևորությամբ պատմում մեր մանկական քաջագործությունների մասին:)

 

 

Այս անգամ զրուցել ենք երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ: Խոսելով Սիրուշոյի մասին` նա նշեց, որ դուստրը մանկուց շատ հետաքրքիր էր ու աշխույժ. Նրա մանկական չարաճճիությունները պայմանավորված էին անսահման հետաքրքրասիրությամբ: «Որքան էլ Սիրուշոն շատ հետաքրքրասեր էր, նրան չէին հետաքրքրում նյութական բաները, միշտ շատ խորն է եղել,- ասաց տկն Սյուզանն ու հավելեց, որ երգչուհին վաղ հասակում էլ շատ է հետաքրքրվել տեխնիկայով: -Սիրուշոյին շատ հետաքրքիր էր, թե ինչպես է, օրինակ, տեսաերիզն աշխատում վիդեոսարքավորման մեջ:

 

Տանը մի ֆիլմի տեսաերիզ ունեինք, որից մեկ օրինակ կար ու երկրորդը գտնելը գրեթե անհնար էր: Սիրուշոն չորս, թե հինգ տարեկան էր, մի օր որոշել էր ինքը միացնել վիդեոսարքավորումն ու հենց այդ տեսաերիզն էր վերցրել: Միացրեց և սարքավորումը ծամեց ժապավենը, ես հիշում եմ իր դեմքի արտահայտությունը.  այդ պահին աչքերում և՛ վախ կար, և՛ մեղավորության զգացում, ամեն ինչ կար: Ես բարկացա, սակայն ամեն ջղայնությունից հետո հասկանում ես, որ պետք էր այլ կերպ մոտենալ, ես պետք է ավելի նրբազգաց լինեի»:

 

 

Ըստ երգչուհի-մայրիկի` դուստրն իրեն երբեք նեղություն չի տվել. «Երբ գնում էինք խանութ, ես անգամ երազում էի, որ նա ինչ-որ բան ուզեր: Նա շատ դժվար էր ընտրում ամեն ինչ և երբ ասում էր` բայց ոնց որ վատը չի, ես անմիջապես գնում էի»: Տկն Սյուզանը ափսոսանքով, միաժամանակ՝ հպարտությամբ մի դեպք հիշեց Կանադայից:  «Վալենտինի օրը գնացել էինք խանութ՝ մի քանի նվեր գնելու: Ամուր բռնել էի նրա ձեռքը, քանի որ այնտեղ շատ վատ դեպքեր են լինում: Մի պահ չնկատեցի` ինչպես էր ձեռքս թողել, շրջվեցի ու տեսա, որ կողքիս չէ, նայում էի շուրջս, իրեն չէի գտնում ու ինձ կորցրած՝ բղավում էի:

 

Մեկ էլ տեսնեմ` ձեռքերը հետևում պահած գալիս է, մի քիչ մեղավոր հայացքով էր, բայց նաև ինչ-որ ժպիտ կար դեմքին: Ես ինձ շատ եմ մեղադրում այդ օրվա համար, որովհետև անմիջապես չհասկացա իրեն ու հուզմունքս այնքան շատ էր, որ բղավեցի` ո՞ւր ես, ա՛յ բալիկս, ինչո՞ւ ես ձեռքս բաց թողել, չես հասկանում, որ շատ էի անհանգստանում: Նրա աչքերին արցունքներ երևացին, մեջքի հետևից մի կարմիր ծաղիկ հանեց ու ասաց` մամա, ես մի դոլար էի հավաքել, որ քեզ համար նվեր գնեի Վալենտինին: Մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում Սիրոշոյի առաջ: Թող չստացվի, որ ես լավ բաներ եմ ասում, բայց նա այնքան լավ, գիտակից, խելացի երեխա էր»,- պատմեց տկն Սյուզանը:

 

 

Ըստ նրա՝ վաղ հասակից Սիրուշոյի հետ շատ լուրջ, ընտանեկան հարցեր են քննարկել: «Մենք հանկարծ զգացինք, որ կարևորում ենք իր կարծիքը ընտանեկան լուրջ հարցեր քննարկելիս: Ինքներս էլ չհասկացանք, ինչպես դա սկսվեց, սակայն երեխայից է, չէ՞, որ նրա հետ կարող ես լուրջ խոսել: Նա միշտ եղել է հոգս թեթևացնող տեսակ, երբեք չի ապրել միայն իր կյանքով, իր վրա հոգս վերցնող տեսակ է, և մենք միշտ փորձել ենք թեթևացնել դա: Սակայն մինչև հիմա իր մեջ կա նաև մանկություն»:

 

Մոր խոսքով՝ փոքր տարիքում Սիրուշոն գեղեցկության մրցույթ է կազմակերպել բակում, հարևան շենքերից մարդկանց  հրավիրել, մասնակիցներին ընտրել, ժյուրի կազմել, մայրիկից նվերներ խնդրել հաղթողների համար: «Այդ կրեատիվությունը միշտ եղել է իր մեջ: Կազմակերպչական ջիղ միշտ ունեցել է»,- հայտնեց տկն Սյուզանը: Նա նաև նշեց, որ անկախ մարդկանց հետաքրքրասիրությունից՝ Սիրուշոն միշտ իր աշխարհում է ապրել, շատ հարցերում թույլ չի տվել, որ մարդիկ մտնեն իր աշխարհ:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը