Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» 22-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը  Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի նշանավոր Մարիինյան թատրոնում: Հուլիսի 23-ի ներկայացումը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Մարիինյան թատրոնի կայքում: «Գայանե» բալետը, Վիլեն Գալստյանի բեմադրությամբ, Մարիինյան թատրոնի բեմում վերջին անգամ ներկայացվել էր 1979թ-ին:


Հյուրախաղերի իրականացման աշխատանքներում մեծ է եղել ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մարիինյան թատրոնի հրավիրյալ դիրիժոր Կարեն Դուրգարյանի (ով նաև Մարիինյան թատրոնի ներկայացումների դիրիժորն էր), թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի  ջանքերը:

 

Ավելի քան յոթ տասնամյակ «Գայանե» բալետն իր հաղթարշավն է շարունակում ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում, ինչի վառ վկայությունն է Մարիինյան թատրոնում  պետերբուրգյան խստապահանջ հանդիսատեսի և բալետային քննադատների բարձր գնահատականը հայկական բալետին: «Գայանե» բալետը ներկայացվել է մենակատարների երկու խմբով: Ներկայացումների ավարտին ռուս հեղինակավոր բալետային քննադատների կողմից առանձնահատուկ բարձր գնահատականի է արժանացել հայ արտիստների կատարողական վարպետությունը: Մեծապես արժեվորվել է նաև «Գայանե»-ի բալետային ժամանակակից պահանջներին համահունչ մատուցումը:

 

Ներկայացումների ավարտին Մարիինյան թատրոնի խստապահանջ հանդիսատեսն ավելի քան կես ժամ շարունակ ծափահարում էր հայ արտիստներին: Ներկայացումների առիթով իր գոհունակությունն է հայտնել նաև թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, աշխարհահռչակ Վալերի Գերիևը: Վերջինս առաջարկել է, որպեսզի համագործակցությունը լինի շարունակական: