Ճապոնիայում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունն առաջին անգամ գերազանցել է 80 տարին, ճապոնուհիներն այս ցուցանիշով առաջվա պես առաջին տեղն են զբաղեցնում աշխարհում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ են վկայում երկրի աշխատանքի, առողջապահության և բարեկեցության նախարարության՝ հուլիսի 31-ին հրապարակված տվյալները:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ 2013 թվականին Ճապոնիայում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը կազմել է 80,21 տարի, ինչը 0,27 տարով բարձր է մեկ տարի առաջվա համանման ցուցանիշից:
Այսպիսով, կյանքի տեւողության ցուցանիշով ճապոնացիներն աշխարհում չորրորդ տեղն են զբաղեցրել Հոնկոնգից, Իսլանդիայից և Շվեյցարիայից հետո:
Ճապոնիայում կանանց կյանքի միջին տեւողությունը 2013 թվականին աճել է 0,2 տարով և կազմել 86,61 տարի: Դա ճապոնուհիներին թույլ է տալիս երկարակեցության ցուցանիշով աշխարհի առաջատարի դիրքը պահպանել արդեն երկրորդ տարին անընդմեջ:
Նախարարությունը նշում Է, որ կյանքի տեւողության աճի վրա ազդում է բժշկական ապահովագրության և սպասարկման համակարգի զարգացումը, երկրի բնակիչների սննդի հավասարակշռված ռացիոնը:
Այս տարվա հունիսին մոլորակի ամենատարեց տղամարդու տիտղոսը, Գիննեսի ռեկորդների գրքի վարկածի համաձայն, անցել է 111-ամյա Սակարի Մոմոիին: Երկրագնդի վրա ամենատարեց մարդու տիտղոսը պահպանում է ճապոնուհի Միսաո Օկավան. նա 116 տարեկան է: