Բազմաթիվ դիջեյներ օգոստոսի 15-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում կմասնակցեն Դիջեյների փառատոնին: Իրադարձությունը նվիրված կլինի երիտասարդության միջազգային օրվան, որը նշվում է օգոստոսի 12-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
«Բացի այդ, օգոստոսի 29-ին կանցկացվի թափառաշրջիկ երաժիշտների համերգային ծրագիր: Սա, նույնպես նոր երևույթ է: Մենք գիտենք, որ մետրոյի կայարաններում և տարբեր փողոցներում բազմաթիվ շրջիկ և հաճախ բավական պրոֆեսիոնալ երաժիշտներ են հանդես գալիս, և մենք փորձելու ենք մեկ բեմահարթակում համատեղել նրանց բոլորին»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ, նշեց Արամ Սուքիասյանը:
Քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ կանցկացվեն նաև բազմազան միջոցառումներ տարբեր վարչական շրջաններում: Սուքիասյանի համոզմամբ, քաղաքապետարանի կողմից իրականացվող «Երևանյան ամառը» հագեցած է իրադարձություններով, քանի որ միջոցառման շրջանակում տեղի են ունենում տարատեսակ համերգներ, փառատոններ և տոնակատարություններ: Նա նշեց, որ «Երևանյան ամառը»-ը կավարտվի օգոստոսի 31-ին: