Ռումինիայի Դումբրավեն քաղաքում հուլիսի 25-26-ին կազմակերպվել է մշակութային ամենամյա փառատոնը: Դումբրավենի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղը տեղի արվեստասերների աջակցությամբ Տրանսիլվանիայի հայաշատ այդ քաղաքում համախմբել էին նշանավոր արվեստագետների և մտավորականների:  Փառատոնը բացվել է Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում` նկարիչ Միհայ Նեկիտա Բուկուլեցի ցուցահանդեսով, ուր ողջույնի և գնահատանքի խոսքերով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, բանաստեղծ ու խմբագիր Նիկոլաե Բաչուցը և կազմակերպիչներից դոկտոր Վասիլե Հաբորը:

 

Հաջորդ օրը դասախոսություններով հանդես են եկել Բուխարեստի Արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նշանավոր նկարիչ և գրող Գեորգե Անգելը և ակադեմիկոս, մշակույթի նախկին նախարար Ռազվան Թեոդորեսկուն: Վերջինս, խոսելով միջնադարյան Դումբրավենի մասին, նշեց այն կարևոր դերը, որ հայերը խաղացել են ողջ Տրանսիլվանիայի պատմության մեջ:

 

Իր հերթին դեսպան Գասպարյանը, խոսելով ռումինական կյանքի մեջ հայերի դերի և հետքի մասին, վստահություն է հայտնել, որ այս տարվա սկզբին Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանում բացված Հայագիտության ինստիտուտը կնպաստի հայկական ժառանգության վերհանմանը և ծանոթացմանը:

 

Իր խոսքում դեսպանը մասնավորապես նշել է. «Կարծում եմ, որ այն կօգնի շատերին, հատկապես երիտասարդներին` վերագտնելու և վերահաստատելու իրենց ինքնությունը, նույնիսկ մեզ` Հայաստանում ապրող հայերիս` մեր ազգային ինքնությունը լրացնելու պակասող բեկորներով, որոնք ցրված են աշխարհով մեկ»: Երեկոյան Սուրբ Եղիսաբեթ տաճարում հնչել է դասական երաժշտություն նշանավոր ջութակահար, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ալեքսանդրու Տոմեսկուի կատարմամբ, Ադ Լիբիտում քառյակի կազմում:

 

Փառատոնը փակեց Գեռլայի հայկական պարախումբը: Փառատոնի շրջանակներում դեսպան Գասպարյանն ապակենտրոնացված մակարդակով կապերն աշխուժացնելու շուրջ խորհրդակցություններ է ունեցել քաղաքապետ Ջորջետա Իրիմիեի և սենատոր Վիորել Արկաշի հետ:

 

Դումբրավենը համարվում է Տրանսիլվանիայի «հայկական քաղաքներից» մեկը, ուր հայերը հաստատվել են 17-րդ դարի վերջում և մեծապես նպաստել քաղաքի զարգացմանը: Այսօր դեռևս կանգուն են ժամանակին հայերի կառուցած եկեղեցիները, դպրոցները, վարչական և թաղային շենքերը: Քաղաքում դեռևս արթուն է հայկական ոգին: Երեք տարի առաջ այստեղ բացվեց Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը, գործում է «Սուրբ Եղիսաբեթ հայոց միությունը», որի ղեկավարն է անխոնջ Իոն Կալինեսկուն:


Ամեն տարի օգոստոսի կեսերին Դումբրավենի Սուրբ Եղիսաբեթ հայ կաթոլիկ տաճարում հայկական ծեսով նշվում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը հավաքում է ռումինաբնակ հայերին: Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ 2012թ. հոկտեմբերին բարեկամության համաձայնագիր է ստորագրվել Դումբրավենի և Նոյեմբերյանի միջև: