Ավելի քան 6,3 միլիոն միավոր գրականություն ունեցող Հայաստանի ազգային գրադարանն այսօր համալրվեց ևս 229 միավորով: Գրադարանին գրքերը նվիրաբերել է թեհրանաբնակ Անահիտ Ազարյանը, ով ծնվել է 1955 թվականին, Իրանի Թավրիզ քաղաքում: Նրա պապը ունեցել է հարուստ անձնական գրադարան, և պապի մահից հետո Անահիտի իղձն էր այն նվիրաբերել իր հայրենիքին:


«Այսօր ինձ համար մեծ երջանկություն է գտնվել այստեղ: Տարիներ շարունակ իմ երազանքն է եղել  իմ պապի գրադարանի թեկուզ մի մասնիկը նվիրաբերել այնպիսի հաստատության, որտեղ միշտ բարձր կմնա իմ  պապի հիշատակը, և տարիների ընթացքում ձեռք բերած գրքերն կլինեն հուսալի ձեռքերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Անահիտ Ազարյանը:

 

Միջոցառմանը ներկա էր նաև ազգային բարերար Ավո Հովհաննիսյանը, ում խորհրդով և օգնությամբ Անահիտ Ազարյանը կարողացավ իրագործել իր երազանքը:

 

«Մեզ համար մեծ պատիվ է այս նվիրատվությունն ընդունելը, քանզի յուրաքանչյուր նոր գրքի առկայությունը շատ կարևոր է գրադարանի համար: 229 միավոր գրականության մեջ կա 24 գիրք, որոնք գրադարանի պահոցում մինչ այժմ չեն եղել, իսկ 18 միավորն էլ ընդամենը մեկ օրինակ է եղել»,- ընդգծեց Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը:

 

Գրադարանի անձնակազմն իր խորին շնորհակալությունը հայտնեց Անահիտ Ազարյանին` նվիրատվության համար, իսկ Ռաֆիկ Ղազարյանն էլ հավելեց, որ գրադարանը միշտ ուրախ է և երախտապարտ նման ազգանվեր գործերի համար:

 

Հայաստանի ազգային գրադարանը հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում: Գրադարանի հավաքածուն, 2014թ. հունվարի 1-ի դրությամբ, կազմել է ավելի քան 6,3 մլն հաշվառային միավոր:  Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18 հազ. միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը:  

 

Գրադարանի հարուստ գանձարանում պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը» (1512թ., Վենետիկ), առաջին պարբերականը` «ԱզդարարÕ ¨» (1794թ., Մադրաս), առաջին տպագիր քարտեզը` «Համատարած աշխարհացոյցը» (1695թ., Ամստերդամ):