«Փարոս» կամերային երգչախումբը հաղթանակով է վերադարձել Ռիգայում կայացած Երգչախմբերի համաշխարհային խաղերից։ Երգչախումբը երկու անվանակարգերում՝ «Երկսեռ կամերային երգչախմբեր» և «Հոգևոր երաժշտություն ակապելա», ստացել է արծաթե մեդալներ: Բաղձալի ոսկին Հայաստան բերելու համար երգչախմբին չի բավականացրել ընդամենը 1.4 միավոր:
«Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Միքայելյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չեմպիոնական մրցույթն անցկացվել է հուլիսի 14-19-ը, և այդ իրադարձությանը երգչախումբը մասնակցել է այն փաստի շնորհիվ, որ միջազգային մրցույթի դափնեկիր է:
«Առաջին անգամ ենք մասնակցում Երգչախմբերի համաշխարհային խաղերին: Սա հայտնի մրցույթ է, կազմակերպվում է երկու տարին մեկ, սակայն նախորդ անգամ՝ 2012 թվականին, տեղի է ունեցել ԱՄՆ-ում, և մենք չկարողացանք մասնակցել: Մենք այդ ժամանակվանից ցանկություն ունեինք մասնակցելու խաղերին և այս անգամ մեկնեցինք Ռիգա»,-նշեց Րաֆֆի Միքայելյանը:
«Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով, Ռիգա է մեկնել երգչախմբի ամբողջ՝ 34-հոգիանոց կազմը: «Երբ վերջում վերցրինք դիպլոմը, տեսանք ժյուրիի գնահատականները և համեմատեցինք, նկատեցինք, որ դրանք շատ հակասական են՝ կային, որ շատ բարձր էին, և կային, որ շատ ցածր էին: Եթե բոլորն իրար նման նշանակեին, մենք ոսկի կստանայինք գոնե մեկ անվանակարգում: Երբեք երգչախումբն այդքան լավ չէր երգել»,-ընդգծեց Միքայելյանը:
Երգչախումբը պատրաստվում է երկու տարի անց՝ 2016-ին, Սոչիում մասնակցել նույն խաղերին և բաղձալի ոսկին բերել հայրենիք:
«Փարոս» կամերային երգչախումբը ստեղծվել է 1993 թվականին Կարմիր Խաչի հետվնասվածքային
վերականգնողական կենտրոնից։ Երգչախմբի հիմնման պահից մինչև 2008թ. «Փարոսի» գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է եղել Վաչագան Նավասարդյանը։
2009 թվականի սկզբին «Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում
նշանակվեց Րաֆֆի Միքայելյանը։
«Փարոս» երգչախմբի անդամները սահմանափակ կարողություններով մարդիկ են: Իր գործունեության ընթացքում երգչախումբըբազմաթիվ ելույթներ է ունեցել Երևանում,
Հայաստանի տարբեր շրջաններում և արտերկրում։ Թողարկվել է «Փարոսի» երկու ձայներիզ։2010թ. դեկտեմբերի 3-ին
«Փարոսն» աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգին արժանացավ վերջին երկու երգերը մեծ
տենորի հետ կատարելու պատվին։