Հայաստանի կառավարության որոշմամբ կստեղծվի «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ինչը կնպաստի հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության ներկայացմանն ու հանրահռչակմանը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստի օրակարգում:
«ՊՈԱԿ-ի կարգավիճակը և պետական հոգածությունը կապահովեն հանրա-պետությունում կոմիտասագիտության զարգացումը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության համակարգված հավաքումը, հետազոտումը և հանրահռչակումը: ՊՈԱԿ-ը կունենա թանգարանային մաս, գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն: ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը կապահովվեն 2014 թ. պետական բյուջեով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այցելուների առջև իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին: Այս նախաձեռնությունը համարվում է մշակույթի ոլորտի 2014 թվականի գերակա ուղղություններից մեկը: Ձեռնարկը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ 2014 թ. լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, և այս առիթով տարին հռչակվել է որպես Կոմիտասի տարի: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կդառնա մեծանուն երգահանի կյանքի և ստեղծագործական գործունեության ներկայացման բացառիկ կենտրոն, որը կապահովի հայ երաժշտական մշակութային ժառանգության ամբողջապես, մաքուր և անաղարտ պահպանումը , ներկայացումը և սերունդներին փոխանցումը:
2013 թ. մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում: Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին Մշակույթի պալատի տեղում, որն անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ իր հոգաբարձուների խորհրդի մայիսին կայացած որոշմամբ:
Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Ճարտարապետն Արթուր Մեսչյանն է: Այն լինելու է ոչ միայն զուտ թանգարան, այլև ակտիվ, պարբերաբար անցկացվող միջոցառումներով թանգարան-մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալ Կոմիտասի ժառանգությանը, հաղորդակից լինել հայ հոգևոր և ժողովրդական երաժշտարվեստի պատմությանն ու ձևավորման գործընթացին: