Մեզանից շատերին հայկական ժողովրդական երաժշտական գործիքներից հայտնի են քյամանչան, դուդուկը, դհոլը, սակայն ավանդական հայկական նվագարանների ընտանիքն ավելի հարուստ է: Օրինակ, հնում հաճախ գործածվում էր տավիղը, որի լարերի քանակը, ըստ ենթադրության, եղել է 10, սակայն այսօր դրանց քանակը դարձել է 46: Լարային երաժշտական գործիքների վարպետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանը երկու տարի առաջ պատվերով պատրաստել էր հայկական տավիղ, որը միայն մեկ օինակից է և այսօր հնչում է  Հայ ավանդական երաժշտության անսամբլում:


Բացելով հայկական ժողովրդական տաղարաններին նվիրված շարքը` «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրողը հանդիպեց Մարտին Երիցյանի հետ:

 

- Որքա՞ն ժամանակ եք զբաղվում լարային գործիքների պատրաստմամբ: 


- Հայրս 1925 թվականին Հունաստանից, որտեղ հայտնվել էր ցեղասպանությունից փրկվելով, տեղափոխվել է Հայաստան և սկսել զբաղվել լարային գործիքների ստեղծմամբ: Բարձր որակի շնորհիվ` իր պատրաստած գործիքներն այսօր էլ շատ բարձր են գնահատում երաժիշտները:  Մանկուց հայրիկիս մոտ հանդիպում էի տաղանդավոր ջութակահարների, թավջութակահարների և կոնսերվատորիայի երկրորդ կուրսում որոշեցի արդեն ինքնուրույն սովորել գործիք պատրաստել:

 

Ի դեպ, 1969 թվականին Խորհրդային Միությունում տեղի ունեցավ մրցույթ, որի հաղթողները պետք է իրավունք ստանային հանդես գալ Բելգիայի թագուհու առջև, և ֆիլհարմոնիկ լարային քառյակը, որում ես նվագում էի, դարձավ երկու հաղթողներից մեկը:

 

- Իսկ ինչո՞ վ են առանձնանում Ձեր պատրաստած գործիքները:


- Ամեն գործիք պատրաստելիս հատուկ գրքում նշում եմ թվականը, օգտագործված փայտի տեսակները եւ թե ում համար է այն պատրաստվում: Գործիքի ներսում միշտ գրում եմ պիտակը: Ես ստորագրում եմ լատիներեն, որը թարգմանվում է այսպես. «Պատրաստված է Երևանում, այսինչ թվականին: Մարտին Երիցյան, Շահենի որդի»:

 

- Ի՞նչ տեսակի փայտից եք պատրաստում լարային գործիքները:


-Փայտն ընտրում եմ Կովկասի անտառների ծառերից, որոնք դեռ իննսունականների սկզբին հաջողվել էր բերել Սուխումի մոտակայքից: Երեսի փայտը եղևնուց է, իսկ կողքի և մեջքի հատվածները՝ թխկենուց:

 

-Ինչպե՞ս առաջացավ տավիղի պատրաստման մտահղացումը:


-Երկու տարի առաջ  Հայ ավանդական երաժշտության անսամբլի ղեկավար Հովիկ Սահակյանը խնդրեց պատրաստել տավիղ: Մոտ մեկ տարի աշխատել եմ ստեղծման վրա` երկար որոնելով արտաքին ձեւը: Օգտվել եմ եգիպտական փարավոնների ժամանակների տավղի պատկերներից, պարսկական որմնանկարներից, սակայն հիմնականում դրա տեսքը, ձևը և հնչողությունը ես եմ որոշել: Վերևի մասը պատրաստելիս օգտագործել եմ եղևնի, կողքերը` թխկի, իսկ գլուխը՝ ընկուզենի: Ամեն հատվածի  փայտի ընտրությունն ունի իր հստակ նշանակությունը: Օրինակ, երեսի փայտը եղևնի դնելով` ապահովվում է ճկունություն և գեղեցիկ հնչողություն:

 

- ՈՒրիշ ի՞նչ հայկական գործիքներ եք պատրաստել:


- Ժամանակին քսանվեց քանոն եմ պատրաստել, իսկ այլ ժողովրդական գործիքներից ստեղծել եմ քեմանիների ընտանիք, օրինակ մեծ քեմանի թավջութակի դիապազոնում, որը թավջութակից տարբերվում է ավելի նուրբ ձայնով: Թավ քեմանիներիս մի մասը Մարսելում է, այժմ պատրաստում եմ ալտի չափսով քեմանի: Ի դեպ, քեմանիների օգտագործումը այսօր լավ պահպանվել է համշենահայերի մոտ:

 

Հիմնականում պատրաստում եմ ջութակներ, քանի որ հայկական ժողովրդական գործիքների նկատմամբ պահանջարկը շատ քիչ է: Օրինակ, եթե չհանդիպեի ֆրանսահայ ծանոթ երաժիշտի, ով  նվագում է  միջնադարյան երաժշտո ւթյան նվագախմբում, և նա չցանկանար գործիք ունենալ, որը նման չլիներ ֆրանսիական միջնադարյան լարային գործիքների, ես չէի սկսի մտածել ալտ-քեմանի պատրաստելու ուղղությամբ, որի ձայնային դիապազոնը համապատասխաներ ալտի դիապազոնին:

 

- Իսկ Դուք ստեղծե՞լ եք Ձեր դպրոցը:


- Մարդիկ կան, որ ցանկանում են սովորել, ցայց ես իմ հիսուն տարվա աշխատանքային փորձը եւ հայրիկիս գաղտնիքները չեմ ցանկանում բացել օտարների առջև: Երկու տղա ունեմ, կրկին երաժիշտներ են: Մեծս Իսպանիայում է ապրում, ալտ է նվագում և պատրաստում է նոր գործիքներ: Փոքր տղաս կրկին լավ ջութակահար է և հայրիկիս պատրաստած ալտն է նվագում, իսկ տանն ինձ օգնում է գործիքներ պատրաստել և նորոգել:

 

 

 Զրույցը վարեց Անահիտ Մինասյանը