Թյուր կարծիք է ձևավորված, թե նստակյաց աշխատանքը կամ նստելու դիրքը ողնաշարի վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ: Նաև կարևոր է իմանալ, որ ֆիզիկական ակտիվությունը չի կարող ողնաշարի ծռում առաջացնել:
Երեխաների մեջքը կարող է թեքումներ ձեռք բերել թե նստելու ձևից, թե դպրոցական պայուսակ կրելուց, թե քնելու դիրքից. «Բարեբախտաբար նման բան չկա, հակառակ դեպքում` վաղուց արգելված կլինեին թե դպրոցական պայուսակները, թե գրքերը: Դպրոցական պայուսակի ծանրությունը կարող է բերել որոշակի հոգնածության, որն էլ կարելի է լուծել սպորտային ակտիվությամբ»,- նշեց վնասվածքաբան-օրթոպեդ Արա Անթառանյանը:
Նրա խոսքերով` հաճախ հետազոտությունները ցույց են տալիս, որ ողնաշարում առկա ցավերը կապված են հոգնածության հետ: Ինչ վերաբերվում է վաղ մանկական տարիքի երեխաներին, ապա այդ տարիքային շրջանում ամենատարածված օրթոպեդիկ հիվանդություններից մեկը սկոլիոզն է, որը կապված է ողնաշարի կառուցվածքի փոփոխության հետ:
Դա բնածին է, և ձևավորվում է սաղմնային շրջանում` հղիության առաջին շաբաթների ընթացքում, նույնիսկ այն շրջանում, երբ կինը տեղյալ չէ, որ հղի է: Դա կապված է ֆոլաթթվի դեֆիցիտի հետ: «Այսպիսի դեպքերում նախքան հղիությունը պլանավորելը, կանանց խորհուրդ ենք տալիս ֆոլաթթվի դեղաչափ ստանալ, որպեսզի նման խնդիրներից խուսափեն»,- ասաց Արա Անթառանյանը: