«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխությունից հետո երեկ կայացան ֆիլմերի վերջին ցուցադրությունները: Հանդիսատեսը մրցանակակիր ֆիլմերը ևս մեկ անգամ դիտելու հնարավորություն ուներ:
Միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակ ստացած «Նատյուրմորտ» ֆիլմը հայ հանդիսատեսից շատերին էր հետաքրքրել: Ռեժիսոր Ուբերտո Պազոլինի ֆիլմը միայնակ մեռնող մարդկանց մասին է: Ամբողջ պատմությունն առաջ է տանում դերասան Էդի Մարսոնը: Ֆիլմում նկաևրահանվել են նաև Ջոան Ֆրոգաթը, Քարեն Դրուրին, Էնդրյու Բյուքանը:
Ֆիլմի հերոսը` բծախնդիր ու չափազանց կազմակերպված Ջոն Մեյը, քաղաքապետարանի աշխատակից է, ում պարտականությունը մենության մեջ մահացած մարդկանց ազգականներին գտնելն է: Չնայած շատ լավ աշխատակից լինելուն` այդ բաժնի կրճատումից հետո Ջոնը հեռացվում է աշխատանքից: Նա իր ջանքերը կենտրոնացնում է վերջին գործի վրա, ինչի համար ստիպված է լինում մեկնել ուղևորության: Հենց այս ուղևորության շնորհիվ նա, վերջապես, սկսում է ապրել և…
Դրամատիկ այս ֆիլմը շատերին հուզեց:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը