Լիվինգ արտը /կենդանի արվեստ/ շատերի համար այլևս երևակայական աշխարհ չէ, ավելին, աշխարհում առաջին լիվինգ զարդերը ստեղծվել են Հայաստանում՝ Գյումրիում: Այս մասին ոչ միայն հայտարարվեց հուլիս 20-ին Գյումրու տեխնոլոգիաների կենտրոնում, այլ նաև ծրագրի շնորհանդեսի բոլոր հյուրերն անձամբ կարողացան մոտիկից ծանոթանալ այս նորարարության նմուշներին: Նախաձեռնությունը Գյումրիում իրականացվել է «Լույս» հիմնադրամի կողմից՝ Ֆրանսիայի «Լը Կյուբ» թվանշային ստեղծարարության կենտրոնի հետ համատեղ:
Ծրագրից մեկ ամիս առաջ «Լիվինգ արտ»-իև «Լիվինգ արտ լաբս»-ի պրոդյուսեր, հեղինակ և հետազոտող Գլորան Ազիոսմանովը «Արմենպրես»-ին վստահեցրել էր, որ Գյումրին ունի լիվինգ արտի զարգացման համար բոլոր նախադրյալները: Հուլիսի 11-ից Գյումրիում անցկացվող վարպետության դասերին մասնակցեցին «Ընտանիք» արվեստի քոլեջի, Երևանի պետական գեղարվեստի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի, Գյումրու արվեստի և կիրառական արվեստի թիվ երկու վարժարանի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի, ՀՊՏՃ Գյումրու մասնաճյուղի, Գյումրու տեխնոպարկի, «Digital polegranate»-ի և «Ապագա Տեքնոլոջիս» ընկերությունների ներկայացուցիչներ:
Վարպետության դասերի արդյունքում ձևավորվեց 5 խումբ` բաղկացած արվեստագետներից, ոսկերիչներից և ՏՏ ոլորտի հինգական ներկայացուցիչներից: Արվեստագետներին ընձեռված էր ազատ ստեղծելու հնարավորություն, սակայն զարդերը նախագծելու ու պատրաստելու համար վերջիններիս հետ համատեղ աշխատելու էին ոսկերիչներ և միկրոէլեկտրոնիկայի ու բարձր տեխնոլոգիաների մասնագետներ: Համագործունեության արդյունքում ստեղծվել է 5 գործ՝ վզնոցներ, ականջօղ և թևնոց: Դրանցից յուրաքնչյուրը ոչ միայն արվեստի յուրօրինակ նմուշ է, որը մեծ հաճույքով կկրեր ցանկացած կին, այլ նաև ունի իր ուրույն վարքագիծն ու բնավորությունը՝ լուսավորվում է, խամրում, շարժվում և այլն: «Քաշի թեթևություն», «Քարի շունչ», «Ներդաշնակություն», «Հոգիների հանդիպում», «Թռիքի թևով»՝ սրանք աշխարհում առաջին լիվինգ զարդերի օրինակներն են՝ գյումրեցի մասնագետների կողմից ստեղծված:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը «Արմենպրես»-ին այս անգամ էլ վստահեցրեց, որ ծրագիրը այսքանով չի ավարտվի: «Երբ խոսում են արվեստի գործերը, խոսելն այստեղ դժվար է: Ամեն մի հեղինակ իր գործով իր խորհուրդն է ներկայացնում: Ես Գյումրու տաղանդի նկատմամբ մեծ հավատ ունեմ, դա ոչ միայն վերաբերում է արվեստագետներին, այլ նաև արհեստավորներին ու բարձր տեխնոլոգիաների մասնագետներին: Սա առաջին փորձն է և հաջողված է:
«Լույս» հիմնադրամն այս ծրագրով ուզում է ապացուցել, որ Գյումրիում կստեղծվի մի նոր տնտեսություն, դրա համար այստեղ կան բոլոր նախադրյալները: Այստեղ ոչ միայն տաղանդը ցուցադրելու, այլ նաև նոր շուկայի ստեղծումն է, որը համաշխարհային շուկայում շատ հարգելի կլինի: Երկարաժամկետ հեռանկարում թիմը կշարունակի ստեղծագործել և կհամալրվի որորտի նոր մասնգետներով: Լիվինգ արտի շնորհիվ Գյումրին կարող է համաշխարհային շուկայի համար այս ոլորտի ապրանքարտադրության առաջատար կենտրոն դառնալ»,-նշեց Ժաքլին Կարաասլանյանը:
Լիվինգ արտը, որը հայտնի է նաև որպես լիվինգ դիզայն, զարգացող ոլորտ է, որտեղ համադրվում են արվեստը, արհեստն ու թվային տեխնոլոգիաները: Լիվինգ արտի օրինակներ կարող են լինել և՛ զարդերը, և՛ կահույքը, և՛ այլ իրեր՝ թվային համադրությամբ:
Նույն օրն ավելի ուշ, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում «Լույս» հիմնադրամի շրջանավարտները ներկայացրեցին գյումրեցի արվեստագետների մասին պատմող «Արտմենիա» ինստալյացիոն նախագիծը:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Լույս» հիմնադրանի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, «Ապագա Թեքնոլոջիս», «ՕզոնՀայաստան» ընկերությունների,
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի,
«Ընտանիք» ՊՈԱԿ-ի, «Տիրամայր արվեստի Դպրոց»-ի, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի,
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
Գյումրիի մասնաճյուղի և «Ջևել մոդ» ՓԲԸ-ի աջակցությամբ: