Չինացի անվանի ռեժիսոր Ցզյա Չժանկեն Հայաստանում է: Հայտնի ռեժիսորը մեր երկիր է ժամանել երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ժամանակի ամենամեծ ռեժիսորներից մեկի «Նատյուրմորտ», «Գրպանահատը», «Բեմահարթակը», «Աշխարհը», «Քաղաք 24», «Հասարակական վայրեր», «Կուզեի իմանալ» ֆիլմերը ցուցադրվեցին վերջին մի քանի օրերին, փառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» բաժնում:
Ցզյա Չժանկեն հուլիսի 19-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ ուրախ է Հայաստան գալու համար: «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ներկայացնել իմ յոթ ֆիլմերը հայ հանդիսատեսին: Առաջին անգամ լսեմ եմ «Ոսկե ծիրանի» մասին չորս տարի առաջ, երբ փորձեցին հրավիրել, սակայն, ցավոք, չկարողացա գալ: Ծանոթացա հայերին, Հայաստանին, բնությանը, մարդկանց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց անվանի ռեժիսորը:
Ցզյա Չժանկեն ընդգծեց, որ միայն անցյալ տարի Չինաստանում 800 ֆիլմ է նկարահանվել: «Լավ է, որ շատ գործատուներ ներդրումներ են կատարում և շատ ռեժիսորներ հնարավորություւն ունեն նկարահանել ֆիլմեր: Մյուս կողմից, վատ է, որ բոլոր նրանք, ովքեր ֆինանսավորում են ֆիլմերը, ցանկանում են, որ դրանք նման լինեն հոլիվուդյան ֆիլմերին, և պակասում են հոլիվուդյան ուղղվածություն չունեցող ֆիլմերը»,-ցավով փաստեց նա:
Անվանի ռեժիսորն ընդգծեց, որ ընտանիքը Չինաստանի համար կարևոր օղակ է, և այն հասարակությաան բջիջն է համարվում: «Այս զարգացումնները մեծ ազդեցություն են ունեցել ընտանիքի վրա: Ես ավանդապաշտ մարդ չեմ, ինձ համար անհատական ազատություններն ավելի կարևոր են: Ցույց տալով, թե ընտանիքում ինչ փոփոխություններ են տեղի ունենում, ցույց ես տալիս հասարակության փոփոխությունները»,- նշեց Չժանկեն:
Ռեժիսորը համոզված է, որ ֆիլմերի միջոցով կարելի է փոխանցել սեփական փորձը: Նրա ֆիլմերի կենտրոնում մարդն է:
«Երբ նոր էի սկսել ֆիլմեր նկարահանել, չէի մտածում, որ պատմական կինո կնկարահանեմ, և պատրաստվում եմ հիմա դա անել: Երբեք չեմ մտածել , որ ապագայի մասին կնկարահանեմ, սակայն հաջորդ ֆիլմիս գործողությունների մեկ երրորդը տեղի է ունենում ապագայում: Այն կոչվելու է «Լեռները կարող են բաժանվել»: Նոր կինոնկարս մոր և որդու մասին պատմություն է, և դեպքերը տեղի են ունենում Ավստրալիայում»,- նշեց անվանի ռեժիսորը:
Ցզյա Չժանկեն ծնվել է 1970-ին, Չինաստանում: Նկարչություն է ուսանել, ապա տարվել խաղարկային կինոյով և 1995-ին հիմնել Փորձարարական կինոյի երիտասարդական խումբը` նկարահանելով երկու մրցանակակիր ֆիլմ: 1997-ին ավարտել է Պեկինի կինոակադեմիան: Նրա առաջին լիամետրաժ աշխատանքը` «Գրպանահատը» (1998), մեծ հաջողության հասավ Բեռլինի, Նանտի և Վանկուվերի փառատոներում:
«Բեմահարթակ» (2000) և «Անիմանալի հաճույքներ» ֆիլմերը ներկայացվեցին Վենետիկի և Կաննի կինոփառատոների պաշտոնական մրցույթում: 2003-ին Ցզյա Չժանկեն հիմնեց Xstream Pictures կինոընկերությունը` Չ ինաստանի երիտասարդ տաղանդավոր ռեժիսորներին աջակցելու համար: Նրա «Նատյուրմորտը» 2006-ին Վենետիկի ՄԿՓ-ում արժանացավ «Ոսկե առյուծ» մրցանակի: