Վրացի ռեժիսոր Լևան Կոգուաշվիլին Հայաստան է եկել՝ ներկայացնելու իր «Կույր ժամադրություններ» ֆիլմը: Այն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային կինո» մրցույթում: Սա ռեժիսորի երկրորդ խաղարկային ֆիլմն է, իսկ առաջին կինոնկարը պատմում էր կորուսյալ սերնդի մասին` այն մարդկանց, ովքեր հետխորհրդային տարիների փոփոխություններին տարբեր կերպ էին արձագանքում:
««Կույր ժամադրություններ» ֆիլմը նկարահանելու համար մեր բյուջեն շատ փոքր էր, աշխատակազմը ևս, և սիմվոլիկ վարձատրություն է ստացել, սակայն այլ տարբերակ չկար, եթե մենք սպասեինք մինչև գումար լիներ, շատ ժամանակ կկորցնեինք, իսկ ֆիլմը միշտ ուզում ես արագ նկարել, որովհետև անընդհատ նոր գաղափարներ են գալիս, բացի այդ, եթե չնկարես, չես սովորի ինչպես կարելի է ավելի լավ նկարել: Փող չկա, բայց պետք է նկարես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Լևան Կոգուաշվիլին:
Ռեժիսորի համոզմամբ՝ ինքը հասկացել է, որ երբ սկսում է մտածել ֆինանսավորման մասին, ոչինչ չի ստացվում, բայց երբ ինչ-որ հետաքրքիր գաղափարներ են իր մոտ առաջանում, չգիտես որտեղից մինգամից գումար էլ է հայտնում:
«Ես աշխատում եմ իմ ֆիլմերում պարզ երկխոսություններ ստանալ: Երկխոսությունները շատ լուրջ, խելացի թեմաների շուրջ անհետաքրքիր են ֆիլմի դեպքում, ավելի թեթև երկոսություններն ավելի հետաքրքիր են դարձնում ֆիլմը»,- նշեց Կոգուաշվիլին:
Լևան Կոգուաշվիլին ծնվել է 1973-ին, Թբիլիսիում: Ընդունվել է Թբիլիսիի Թատրոնի և կինոյի պետական համասարանի կինոյի բաժինը, բայց մեկ տարի անց Վրաստանում բռնկված պատերազմի պատճառով լրագրողական աշխատանքի է անցել երկրի առաջին անկախ հեռուստակայանում: 1995-99 թթ. կինոռեժիսուրա է ուսանել Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ), որտեղ նրա վարպետը Մառլեն Խուցիևն է եղել: 2007-ին ավարտել է Նյու Յորքի համալսարանի «Թիշ» արվեստի դպրոցի կիննոբաժինը:
«Կույր ժամադրություններ» ֆիլմի հերոս Սանդրոն 40-ամյա թբիլիսցի ուսուցիչ է, որ դեռևս ապրում է ծնողների հետ: Մայրն անընդմեջ համոզում է նրան հասունանալ ու կին առնել, բայց Սանդրոյի բախտը չի բերում կանանց հարցում, և նա նույնպես միայնակ իր ընկերոջ հետ ծանոթությունների կայքերն է պրպտում: Հերթական անհաջող ժամադրությունից հետո Սանդրոն հանդիպում է վարսահարդար Մանանային և սիրահարվում նրան: Ինչևէ, պարզվում է, որ Մանանան ամուսնացած է, և նրա ամուսին Թենգոն պիտի կալանքից ազատվի փորձաշրջանով: Սանդրոյի կույր ժամադրությունն ամուսնացած կնոջ հետ վերաճում է անհեթեթ սիրային պատմության: