Երևանում է գտնվում Եվրոպայի էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդենինոն, ով մեկ շաբաթ անընդմեջ կիրականացնի վիրահատություններ և պլաստիկ վիրաբուժության անվճար խորհրդատվություն: Սա Ռուբեն Օդենինոյի երրորդ այցն է Հայաստան, և , բժշկի խոսքով, Հայաստանում շարունակվում է բարձր պահանջարկ ունենալ քթի պլաստիկ վիրաբուժությունը: Այս մասին նա հայտնեց հուլիսի 19 լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Նկատելի են Հայաստանի ջանքերը` ավելի արագ զարգանալ էստեթիկ վիրաբուժության ոլորտում: Պլաստիկ վիրաբուժությունը ներառում է գիտական ոլորտի եւ արվեստի համադրությունը, ինչն այսօր բարձր դեր ունի աշխարհում, քանի որ երիտասարդ և գրավիչ արտաքինը այսօր աշխատանք ունենալու գրավականներից է. այսօր գնահատվում է երիտասարդությունն ու ճկունությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ռուբեն Օդենինոն:
Նա հավելեց, որ իր այցելուների կեսին հաճախ կարող է մերժել վիրահատություն կատարելը, քանի որ հաճախ այցելուն լիովին չի կողմնորոշվում իր ցանկության և դրա տեղին լինելու մեջ:
Եվրոպայի էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահի այցն Հայաստան կազմակերպվել է «Ավանգարդ մեդ» բժշկական կենտրոնի կողմից, որի հիմնադիր-տնօրեն Գագիկ Ստամբոլցյանը, խոսելով մեր երկրում էստեթիկ վիրաբուժության ոլորտին վերաբերող խնդիրների վերաբերյալ, հավաստեց, որ այն ունի նույն խնդիրները, որոնք առկա են հայաստանյան առողջապահության բոլոր ոլորտներում:
«Հայաստանում մենք ունենք բավականին ամուր եւ ակտիվ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիա, սակայն չեմ կարող ժխտել, որ չեն բացակայում բավականին լուրջ խնդիրներ: Այսօր եկել է այն պահը, երբ առողջապահության նախարարությունը իր ոլորտի ասոցիացիաներին պետք է փոխանցի որոշակի դեր, որպեսզի այդ ասոցիացիաները կարողանան իրենց գործառույթներն իրականացնել ուսուցման, աշխատանքների վերահսկման ու կատարման գործընթացներում: Հակառակ դեպքում, իրենք կմնան միայն թղթի վրա», - ասաց Գագիկ Ստամբոլցյանը:
«Ավանգարդ Մեդ» պլաստիկ վիրաբուժության կենտրոնը հաճախ է կազմակերպում արտասահմանյան մասնագետների այցելություններ Հայաստան: Այն դեռևս 1992 թ. Հայաստանում ԱՄՆ կառավարության, ՀԲԸՄ և ԱՄՆ Յեյլի համալսարանի կողմից հիմնադրված առաջին պլաստիկ վիրաբուժության կենտրոնի հետնորդն է: