Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը լեհ անվանի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիին շնորհեց «Եղիցի լույս» մրցանակը: Պարգևն անվանի կինոգործչին հանձնվեց հուլիսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Զանուսին, ով Հայաստան է ժամանել «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, շնորհակալություն հայտնեց պարգևի համար:
«Ես շատ զգացված եմ, և ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը: Ես հավատում եմ, որ քրիստոնությունն ապագայի հզոր ուժն է: Հավատում եմ, որ այն մեզ համար ապագա է, և ոչ անցյալ: Շատ շնորհակալ եմ, որ քրիստոնեական հին երկրում ես ստանում եմ այս մրցանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Քշիշտոֆ Զանուսին:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր հայրապետական օրհնությունը բերեց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մասնակիցներին:
«Ուրախալի է, որ «Ոսկե ծիրան» փառատոնը հաջողությամբ շարունակում է իր գովելի գործունեությունը: Հավատարիմ մնալով իր նշանաբանին՝ կինոփառատոնն արդեն տասնմեկերորդ անգամ կինոասպարեզի միջոցով քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ է դառնում՝ նպաստ բերելով կինեմատոգրաֆիայի զարգացմանը, կինոգործիչների փոխհարաբերությունների և համագործակցության ամրապնդմանը»,-ընդգծեց Գարեգին Երկրորդը:
Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցին «Ոսկե ծիրան»-ի առթիվ սահմանել է «Եղիցի լույս» մրցանակը, որն արդեն երրորդ տարին շնորհվում է տաղանդաշատ կինոգործիչներին:
«Մեծարգո տիար Զանուսի, մենք բարձրորեն գնահատում ենք ձեր վաստակաշատ գործունեությունը՝ կինոյի ասպարեզում: Դուք պատվավոր տեղ ունեք կինոասպարեզում: Ձեր ֆիլմերը ներկայացնում են մարդու հոգևոր ձգտումը, հույզերն ու մտորումները, վեր հանում գոյաբանական լուրջ հարցեր և բերում ուրույն պատասխաններ: Դուք մեծ ջանքեր եք ներդրել անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստի պահպանման և միջազգային հանրությանը ներկայացնելու գործում»,- դիմելով կինոռեժիսորին՝ նշեց Գարեգին Երկրորդը:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որր իր համար իսկապես երջանիկ օր է: «Խոնարհաբար շնորհակալ եմ վեհափառ հայրապետից, որ համաձայնվեց և ընդունեց այս մրցանակի կարևորությունը: Մենք արդեն երրորդ անգամ Սուրբ Էջմիածնի պատգամն ուղարկում ենք աշխարհին: Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում պետք է իմանան Սուրբ Էջմիածնի՝ հայկական մշակույթի զարգացման մեջ կարևորագույն դերի մասին»,- նշեց Խաչատրյանը:
Կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին ծնվել է 1939-ին, Վարշավայում:
1955-59 թթ. ֆիզիկա է ուսանել Վարշավայի համալսարանում, 1956-57-ին` կինոդասախոսությունների հաճախել Լեհաստանի գիտությունների ակադեմիային կից Արվեստի ինստիտուտում: 1959-ին ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, բայց չի ավարտել 1963-ին համալսարանի փակվելու պատճառով: 1960-ին ընդունվել է Լոձի կինոդպրոցի ռեժիսորական բաժինը, որն ավարտել է 1966-ին: Այդ ժամանակից ի վեր նկարահանել է բազմաթիվ վավերագրական, խաղարկային կինոֆիլմեր եւ հեռուստաֆիլմեր թե' Լեհաստանում, թե' արտասահմանում:
Ինքն է գրում իր ֆիլմերի սցենարները կամ դրանց համահեղինակն է: 1974-1981թթ. եղել է Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահը: 1979-ից «Տոր» ստեղծագործական միավորման տնօրենն է: Շատ ու շատ կարևոր ֆիլմեր է թողարկել, այդ թվում` ընկերոջ` Քշիշտոֆ Կեսլյովսկու ուշ շրջանի գործերը: 1994-ին դարձել է Վատիկանում գործող Մշակույթի հայրապետական հանձնաժողովի անդամ:
1992-ից Կատովիցեի Սիլեզյան համալսարանի պրոֆեսոր է: Մոսկովյան ՎԳԻԿ-ի, Բուխարեստի Յ. Լ. Կարաջելի անվան թատրոնի և կինեմատոգրաֆիայի ազգային համալսարանի, Մինսկի եվրոպական հումանիտար համալսարանի, Բուլղարիայի համալսարանի, Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության համալսարանի, Վալենսիայի և Լյուբլինի կաթոլիկ համալսարանների պատվավոր դոկտոր է: