Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի մաս կազմող արվեստի գործերը ներկայացվում են Լեհաստանում և Ֆրանսիայում գործող ցուցահանդեսներում: Լեհաստանում հունիսի 18-ից սեպտեմբերի 21-ը հանրությունը կդիտի «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդես:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Լեհաստանի հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կամարովսկին, որը դրվատանքի խոսքերով անդրադարձել է հայ ժողովրդի դերին և նշանակությանը Լեհաստանի պատմության և իրականության մեջ: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կարնովսկին, հայ համայնքը ներկայացնող հեղինակավոր անձիք և արվեստասեր հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության կողմից ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀԱՊ տնօրեն Փ. Միրզոյանը, գիտական գծով փոխտօրեն Ա. Հակոբյանը, ՀԱՊ-ի գլխավոր վերականգնող Ի.Պողոսյանը և արվեստաբան Շ. Խաչատրյանը: Սոպոտ քաղաքի կողմից ցուցահանդեսի համակարգողն էր գեղանկարիչ Գագիկ Պարսամյանը:
Հովհ. Այվազովսկու ցուցահանդեսի բացման հետ միաժամանակ, Սոպոտի պատկերասրահում բացվել է նաև հայկական ծագում ունեցող լեհ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը ևս: 2014թ. հոկտեմբերին Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը կբացվի նաև ՀԱՊ-ում: Օրը եզրափակվել է Սոպոտի «Անտառային օպերա» կոչվող բացօթյա համերգասրահում տեղի ունեցած՝ դաշնակահար Արթուր Փափազյանի մենահամերգով, որին ներկա է եղել շուրջ 5000 հանդիսատես:
Բացի այդ, հուլիսի 5-ից հոկտեմբերի 13-ը Ֆրանսիայի Սեն Տրոպե քաղաքի Ավետման թանգարանում (Musée de l'Annonciade) գործում է «Գույները արևելքի լույսի ներքո. Դելակրուայից մինչև Մատիս» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից այստեղ ներկայացված է Վասիլի Կանդինսկու «Արևելյան սյուիտ. Արաբներ III» ստեղծագործությունը (1911թ., կտավ, յուղաներկ)։