«Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնի նոր՝ «Ծիրանի ծառ» նախաձեռնությունը կանցկացվի Սերգեյ Փարաջանովին նվիրված ծրագրի համատեքստում: Օրակարգում ներառված են Փարաջանովին նվիրված կլոր-սեղան քննարկումներ, գիտական զեկույցներ, ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագիրն իրականացվում է «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամի հետ: Հուլիսի 11-ին փառատոնի կազմա- կերպիչները նորաստեղծ կրթամշակութային հիմնադրամի տարածքում զրուցեցին «Ծիրանի ծառ» նախաձեռնության մասին:
«Փարաջանովին նվիրված բոլոր միջոցառումները կանցկացվեն հենց «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամում: Մեր 13-14 հյուրերն ապրելու են հենց այստեղ, զրուցելու են, ֆիլմեր են դիտելու: Այսինքն՝ մենք ունենում ենք մի առանձին գործող մշակութային կենտրոն, օջախ, որը երազանք է բոլորիս համար: Մեր նախաձեռնությամբ մոտ ժամանակներս ստեղծվելիք էթնոգրաֆիկ ֆիլմերի փառատոնը կանցկացվի հենց այստեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր-ղեկավար Լևոն Տեր-Բեդրոսյանը նշեց, որ հիմնադրամ-կենտրոնը մի քանի տարվա աշխատանքի արդյունք է: Տեր-Բեդրոսյանը Հայաստան է եկել ԱՄՆ-ից: «Շատ բախտավոր եմ ինձ զգում, որ այս տեղն ունեմ: Շատ եմ սիրում ժողովրդական արվեստը: Կցանականայի, որ ժողովրդական արվեստն ապրի նաև մեր օրերում»,- նշեց հիմնադրամի ղեկավարը՝ կոչ անելով գալ և մասնակցել փարաջանովյան քննարկումներին և կինոդիտումներին:
Նախորդ տարիների նման, այս տարի ևս «Ոսկե ծիրան» փառատոնը կմեկտեղի Երևանում համաշխարհային կինոարվեստի և, մասնավորապես, հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիների, այնպես էլ նախորդ տասնամյակում ստեղծված լավագույն ֆիլմերը և նշանավոր ներկայացուցիչներին: Փառատոնի այս տարվա մեկնարկը նվիրված է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենան անվանի ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։
«Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործո ւմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։