Հայ թատրոնի և կինոյի նշանավոր վարպետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոնների մրցանակակիր Գալյա Նովենցը ծնվել է 1937 թվականի հուլիսի 10-ին Երևանում: 1954-58 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: Դերասանուհու ստեղծագործական կենսագրությունը սկիզբ է առել 1958 թվականից՝ Կապանի պետական դրամատիկական թատրոնից, այնուհետև, երկար տարիներ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական (1961-71 թթ, 1983-95 թթ.), Գյումրու Վ. Աճեմյանի անվան (1971-77 թթ), Երևանի Հր. Ղափլանյանի անվան (1977-83 թթ.), ապա՝ Սոս Սարգսյանի հիմնած ու գլխավորած «Համազգային» թատրոններում: Ստեղծագործական կյանքի վերջին տարիներին Գ. Նովենցը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի էր: Հիսունից ավելի դեր թատրոնում, ռադիոբեմադրություններում, հարյուրից ավելի կրկնօրինակումներ:

 

Նրա ավանդը հատկապես ակնառու է կինոյում. նկարահանվել է ավելի քան երեք տասնյակ ֆիլմերում, որոնցից են՝ «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այս խաչմերուկում», «Հին օրերի երգը», «Նահապետ», «Մեր մանկության տանգոն», «Գիքորը», «Սպիտակ անուրջներ», «Կտոր մը երկինք» և այլն:

 

Գ. Նովենցն արժանացել է տասնյակ մրցանակների ու պարգևների. 1985 թ. Վենետիկի և Մինսկի կինոփառատոներում «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին և մրցանակի: 2007 թ. դերասանուհուն շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում, 2008 թ. երևանյան «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխության ժյուրիի կողմից արժանացել է «Հատուկ մրցանակի», Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալով:

 

1995 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում:

Գալյա Նովենցը մահացել է 2012-ի հուլիսի 22-ին:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում մի փոքրիկ հատված «Մեր մանկության տանգոն» ֆիլմից:

«Իրան ըսա քեֆս ինչքան կուդա էտքան պդի վառեմ, ըդիգ իմ անձնական գործն է, ես ընձի բաժնված կհամարեմ:

Ընգեր Ղազարյան իրան ըսա օր ինքը երեսին մեռոն չունի քսած, ես տան բոլորեն ը՞նչի կֆռֆռա...».