Ճապոնացի նշանավոր գրող և գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Յասունարի Կավաբատայի չուղարկված նամակը, որը հասցեագրված էր գրողի առաջին սիրեցյալին, հայտնաբերվել է Կամակուրա քաղաքում գտնվող նա տանը: Այն ժամանակ 22-ամյա Կավաբատայի նամակը լի է հուզիչ ապրումներով և սիրատենչ զգացմունքի արտահայտություններով:

 

Համարվում Է, որ Խացուե Իտոն՝ հռչակավոր գրողի առաջին սիրեցյալը, շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա վաղ շրջանի ստեղծագործությունների վրա և նրա մուսան Է եղել «Պարուհին՝ Իձուից» և «Անհետաձգելին» հանրահայտ ստեղծագործությունները գրելիս: Մինչև մեր օրերը հասած տեղեկությունների համաձայն՝ ճապոնացի գրողն աղջկա հետ ծանոթացել Է 1919 թվականին, երբ նա մատուցողուհի էր աշխատում սրճարանում: Ուշագրավ է, որ աղջիկն այն ժամանակ ընդամենը 13 տարեկան էր, իսկ ապագա նոբելյան դափնեկիրը՝ 20: Մի քանի տարի անց նրանք կրկին հանդիպել են և ամուսնանալու երդում տվել միմյանց. աղջկա ծնողները հավանություն են տվել ամուսնությանը: Սակայն մինչ այժմ անհայտ պատճառներով պատանի Խացուեն անսպասելիորեն հետ Է տվել նշանը եւ դադարեցրել շփումը Կավաբատայի հետ:

 

Չուղարկված նամակը, որը բաղկացած Է մոտավորապես 700 սիմվոլներից, համընկնում Է նրանց հարաբերությունների խզման ժամանակին: «Դու չես պատասխանում իմ նամակներին, ես շատ եմ տանջվում,-ասված Է նամակում:-Գիշերները չեմ կարողանում քնել, անհանգստանում եմ, հո չես հիվանդացել»: «Ես քեզ շատ եմ կարոտում և ցանկանում եմ տեսնել քեզ»,-սրանով ավարտվում Է նամակը: