Թատրոն, կինո, սերիալ, բեմ…Սա դերասանի աշխարհն է, և այնտեղ կողմնակի անձանց մուտքն ՕՐԵՆՔՈՎ արգելվում է…


Դերասան Արտաշես Ալեքսանյանը սեփական ուժերն օգտագործել է իր բնագավառի տարբեր հանգրվաններում: Անկախ նրանից, թե մարդիկ ինչ կխոսեն, նա կատարում է իր աշխատանքը՝ լինի դա կինոյում, սերիալում, թե թատրոնում: Ի վերջո, կարևորն աշխատանքի որակն է, և չեմ սխալվի ասել, որ նա այն դերասաններից է, ովքեր կարողանում են անթերի ԳՈՐԾ մատուցել…


Mediamall.am-ը սիրված արտիստին փորձեց բացահայտել յուրովի…


- Ձեզ ամեն օր տեսնում ենք հեռուստաէկրաններին՝ սերիալային զբաղվածությամբ: Արդյոք նոր հրավերներ չունեք:


- Հրավերներ շատ ունեմ, սակայն նախընտրում եմ փակագծերը չբացել: Չեմ սիրում դեռ չեղած բաների մասին խոսել…


- Իսկ եթե մեզ հետ մի քիչ անկեղծանա՞ք:


- (Ժպտում է) Լավ, միայն կասեմ, որ հրավերները Հայաստանից դուրս են, առաջարկվել են մի քանի ֆիլմեր...Ամեն ինչ կախված է պայմաններից...


- Չեմ սխալվի, եթե ասեմ, որ ռուսական կինոշուկայում ևս բավական պահանջարկ ունեցող դերասան եք: Ժամանակին ձեզ առավել հաճախ տեսնում էինք հենց ռուսական ֆիլմերում: Ի՞նչը Ձեզ Հայաստան բերեց…


- Նախ չմոռանանք, որ ես Հայաստանից երբեք էլ չեմ գնացել, զուտ աշխատանքային հարվերներով են պայմանավորված եղել բացակայություններս: Նկարահանվել եմ տարբեր երկրներում, աշխարհահռչակ տարբեր մարդկանց հետ ու նորից վերադարձել հայրենիք՝ իմ աշխատանքին…


- Պարոն Ալեքսանյան, դուք ունեք Ձեր արտիստական ստուդիան, աշխատում եք երիտասարդների հետ, նաև նկարահանվում եք երիտասարդ դերասանների հետ: Նոր սերնդի մեջ նկատո՞ւմ եք արտիստ դառնալու ձգտումը, հնարավորությունը:


- Այո, նկատում եմ, ուղղակի պետք է տեր կանգնել, մեզ պես անտեր չթողնել…


- Իսկ տեր կանգնո՞ւմ եք…


- Մեզանից հասնում է սովորեցնել և բաց թողնել դեպի այդ աշխարհ… Իսկ այդ աշխարհում պետք է ոչ թե քեռի, սանիկ-քավորի միջոցով տեղավորեն, այլ ուղղակի գնահատեն տվյալ երիտասարդի շնորքը, տաղանդը, ունակությունները…


- Բայց այդյոք այսօր Հայաստանում մասնագետը գնահատված է:


- Շատ ցավալի փաստ է, բայց մենք սովոր ենք միշտ գնահատել դրսինը, ուրիշինը… Մեր քթի տակ եղածը չենք նկատում, կամ չենք ուզում նկատել… Չգիտեմ, չեմ հասկանում: Ճանաչողական հեռուստահաղորդումները անընդհատ ցույց են տալիս, ծանուցում այլազգիների մասին: Ինչո՞ւ: Ձերին ծանոթացրեք, թող իմանան՝ ո՞վ է, ի՞նչ է արել, ի՞նչ գործունեություն է ծավալել ու ծավալում… Մենք մեզ ընդհանրապես մոռացել ենք, դրել ենք մի կողքի, ուրիշի ցավով ենք «տապակվում»…


- Նման մի հաղորդում հիշեցի. երբ ցույց տվեցին Սևակի դիմանկարը, երիտասարդը չճանաչեց, սևամորթի հետ շփոթեց…


- Սարսափելի ու ցավալի է: Դա մեր դպրոցների, մանկապարտեզների, բայց որ ամենակարևորն է՝ ընտանիքների թերությունն ու բացթողումն է: Մենք տեր չենք կանգնել, չենք սովորեցրել… Այդ իսկ պատճառով այսօր իրավունք չունենք մեղադրել այդ երիտասարդին… իսկ եթե ճանաչողական հաղորդումները շատ լինեն, գոնե 10-ից 3-ը կսովորի, կիմանա՝ ով է Սևակը…


- Ինչ խոսք, մեր հեռուստատեսությունը շատ հարցերում է թերանում…Օրինակ, այսօր ֆիլմերում, սերիալներում արտիստների, պրոֆեսիոնալների կողքին նկարահանվում են նաև դերասանի մասնագիտության հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ, տարբեր մասնագիտության տեր, նույնիսկ որևէ մասնագիտական որակավորում չստացած մարդիկ: Ձեր՝ ներկայիս խաղացած սերիալում էլ դա բացառություն չէ: Նրանց հետ դժվար չէ՞ աշխատել, չե՞ն փչացնում արտիստի աշխատանքն ու գործի որակը:


- Իհարկե, շատ դժվար է… Եթե մեր երկիրը հարուստ լիներ, հարուստ բյուջե ունենար, կարծում եմ՝ նման քայլի գնալու՝ ՉԴԵՐԱՍԱՆԻՆ ներգրավելու կարիք չէր լինի, բայց…Այն ժամանակ կմտածեին ծախսել ոչ թե 10, այլ 10 անգամ 10…


- Իսկ ըստ ձեզ՝ կինոշուկան մեզ մոտ զարգացում ապրո՞ւմ է:


- Այո՛: Գիտե՞ք ինչ, ո՛չ Երևանը, ո՛չ էլ Մոսկվան միանգամից չեն սարքել: Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու…


- Մեր բարձրակարգ դերասաններին շատերը մեղադրում են, որ նկարահանվում են սերիալներում… Այդ քննադատությանն ինչպե՞ս եք վերաբերում:


- Երբ Հայաստանում նոր-նոր սկսեցին սերիալներ նկարահանել, արտիստների մեծամասնությունն ասում էր՝ սերիալն ի՞նչ է, որ գնում, նկարվում եք… Բայց հետո բոլորը սկսեցին նկարահանվել, և ոչ միայն ֆինանսական կողմը ապահովելու նպատակով… Պատկերացնո՞ւմ եք, որ ֆուտբոլիստը չխաղա ակումբում և միայն հավաքականում ցանկանա խաղալ: Այդպես չի լինի, պետք է միշտ մարզվես, քո ակումբում աշխատես, որը տվյալ պարագայում սերիալն է, հետո գաս հավաքական՝ կինո: Կհիշե՞ք՝ մեր ֆուտբոլի հավաքականը երբ սկսեց առաջ շարժվել ու հասնել այս մակարդակին: Մենք արդեն ուժ ենք ներկայացնում, աշխարհի շատ երկրների հետ մրցում ենք ու հաղթում…Այնպես որ, սերիալն ինձ անընդհատ «ֆորմայի» մեջ է պահում: Աշխարհում շատ-շատ մեծ արտիստներ սերիալներից չեն հրաժարվել: Եթե ռուսական շուկային ուշադրություն դարձրել եք, նկատած կլինեք, որ մեծ ու ազդեցիկ ռեժիսորները սկսել են սերիալներ նկարել… Իհարկե, 20-30, առավելագույնը 50-60 սերիայից են բաղկացած… Ի վերջո, չմոռանանք, որ այդ սերիալները նոր պատմություն չունեն, եղել են դեռևս Սովետական Միության տարիներին… Ես հասկանում եմ՝ հիմա խնդիրն ինչումն է, բայց կամաց-կամաց այդ դաշտն էլ կմաքրվի, ամբողջությամբ պրոֆեսիոնալիզմը կգործի:


- Նախորդ տարի էկրան բարձրացավ «Գարեգին Նժդեհ»ֆիլմը, որը բավական բուռն քննարկման ու քննադատության արժանացավ: Ֆիլմի քննադատվող բաղադրիչներից նաև Գարեգին Նժդեհի՝ Ձեր կերտած կերպարն էր: Բայց, կարծես թե, Ձեր կողմից այնքան էլ մեծ արձագանք չեղավ: Կարելի՞ է ասել, որ առողջ քննադատության կողմնակից եք…


- Գիտեք, շատ անլուրջ է, երբ ֆիլմը դեռ էկրան չբարձրացած՝ սկսում են խոսել և քննադատել: Դա անգրագիտություն է, անլրջություն: Այդպիսի մոտեցմանը չպետք է որևէ վերաբերմունք ցույց տալ, կամ դրա մասին խոսել… Միայն մեկ անգամ եմ անդրադարձել՝ ասելով, որ նմանատիպ մարդիկ ջուր են լցնում հարևանությամբ գտնվող թշնամու ջրաղացին: Այդ նույն թշնամին, ելնելով այդ ամենից՝ արձագանքեց, թե ինչպե՞ս կարելի է ֆիլմ նկարել մի մարդու մասին, որն իրենց նկատմամբ իբր «գենոցիդ» է արել… Իսկ առողջ քննադատությանը ես երբեք դեմ չեմ, դա լավ բան է: Պապս մի լավ խոսք ուներ. Ասում էր՝ վայ էն գլխին, որի հետևից չպետք է խոսեն…Ես իմ գործն եմ անում և գնում առաջ: Ովքեր քննադատում են, գրում, փնովում, դա էլ իրենց գործն է, աշխատանքը, այն, ինչ պետք է կատարեն ու ինչի համար աշխատավարձ ստանան: Ես ոչ շատ ժամանակ, ոչ էլ առողջություն ունեմ, որ բոլորին պատասխանեմ: Կյանքը մեզ չի պատկանում, ամեն վայրկյանը պետք է աշխատես, որ հետո վերևում պատասխան տաս վայրկյանների համար:


- Իսկ այդ քննադատությունների մեջ որևէ առողջ կորիզ տեսա՞ք:


- Այո, մարդիկ ասում էին, որ կարող էր ավելի լավը լիներ՝ այս կամ այն դրվագն այլ կերպ ներկայացնելու դեպքում… Որոշ տեսակետների հետ ես համաձայն էի…


- Բնույթով շատ լռակյաց եք… Քչերը գիտեն, որ Արցախյան պատերազմի մասնակից եք եղել…


- 1991-ից մինչև 1992-ի վերջ Արցախյան պատերազմի մասնակից եմ եղել: Բազմաթիվ շքանշաններ, ոսկե մեդալներ ունեմ: Դա պարտք էր մեր սրբավայրի, հող ու ջրի հանդեպ, որը պետք է կատարվեր… Այսօր էլ փոքր թոռնիկիս եմ բացատրում, որ եթե թշնամին հանկարծակի հարձակվի, դու կվերցնես «դեդայի» ավտոմատն ու կգնաս պատերազմ: Ու նա ցանկանում է պապիկի պես Ղարաբաղ գնալ, կռվել, հայրենիքը պաշտպանել…


- Երբեմն ականջովս խոսակցություններ են անցել, որ բավական բարդ, դժվար բնավորություն ունեք, առավել ևս՝ նկարահանման հրապարակում…


- Իսկապե՞ս… Ես կասեի ընդհակառակը. ինձ հետ շատ հեշտ է շփվելն ու աշխատելը: Հաճախ դա խոստովանում են նաև ռեժիսորներն ու դերասանները…


- Արտիստների ընտանիքում սովորաբար արտիստներ էլ ծնվում են: Ձեր ժառանգները ձեր արվեստի հետևո՞րդն են:


- Թոռնուհիս արվեստի ճյուղն է ընտրել, կարծում եմ՝ նա մեծ և լուրջ պարուհի կդառնա: Պարը խելագարի պես է սիրում…


- Զրույցի ընթացքում համեմատականներ անցկացրեցիք ֆուտբոլի հետ… Ֆուտբոլի երկրպագո՞ւ եք:


- Այո, շատ մեծ…


- Զբաղվե՞լ եք սպորտով:


- Փոքր տարիքում սիրողական ֆուտբոլով էի զբաղվում՝ դարպասապահ էի: Նաև չմշկասահք էի շատ սիրում: Եթե արտիստ չդառնայի, կցանկանայի չմշկասահքի վերպետ լինել… Մեկ անգամ նույնիսկ Հայաստանում ելույթ եմ ունեցել, մրցման եմ մասնակցել…


- Պարոն Ալեքսանյան, այսօր սոցցանցերում շատ ակտիվ են մեր դերասանները… Հետևո՞ւմ եք ինտերնետին…


- Անկեղծ ասած՝ ազատ ժամանակ այնքան էլ չեմ ունենում, սոցցանցերում էլ չկամ: Եթե անգամ մի փոքր ժամանակ եմ գտնում, նկարում եմ, գրում, կարդում…Չեմ հասցնում, ժամանակը քիչ է: Ես օրվա 24 ժամվա մեջ 28 ժամ աշխատում եմ…

 

Նելլի Մարգարյան