Մենք մեկը մյուսի հետևից կորցնում ենք արժանավորներին, որոնց տեղը թափուր է մնում: Ապրիլի 24-ի առավոտյան ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ կոմպոզիտոր, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, ով հուլիսի 29-ին կդառնար 86 տարեկան: Նշենք, որ Օրբելյանը կյանքի վերջին տարիներին ապրում և ստեղծագործում էր ԱՄՆ-ում, ուր տեղափոխվել էր 1992 թվականից:
Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին շատ հարուստ է եղել: Նա մեզ ժառանգել է հարուստ երգադարան և կրթել է բազմաթիվ երգիչ-երգչուհիների: Ընդունվելով Հայաստանի էստրադային նվագախումբ` որպես նվագող` հետագայում նա դարձավ նվագախմբի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը: Օրբելյանի ղեկավարության տարիները լավագույնն էին ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև Եվրոպայում:
Կոմպոզիտորի մասին խոսել ենք երգչուհիներ Սյուզան Մարգարյանի և Նադեժդա Սարգսյանի հետ, ովքեր աշխատել են նրա ղեկավարությամբ: Նրանք խոր ցավով էին խոսում իրենց ուսուցչի մասին:
Երգչուհի Նադեժդա Սարգսյանն ասաց, որ Օրբելյանի հետ աշխատելով է արհեստավարժ դարձել: «Մաեստրոն մեզ շատ բան է սովորեցրել ոչ միայն բեմում, այլև կյանքում կիրառելու համար,- ասաց նա` հավելելով, որ ուսուցիչ-կոմպոզիտորը շատ խստապահանջ էր: -Չեմ կարծում, որ այսօր որևէ մեկը բողոքի այդ խստությունից: Գուցե այդ ժամանակ նեղանում էինք, բայց հիմա բոլորս էլ հասկանում ենք, որ դրա շնորհիվ ենք այսօր աշխատում: Նա մեզ պահում էր զինվորական կարգապահությամբ: Պատկերացրեք, քառասուն մարդ կար օրկեստրում, իսկ նա մենակ էր: Մենք բոլորս ունեինք մեր ամբիցիաները, խնդիրները, դժբախտությունները, երջանկությունները…»:
Տկն Նադեժդան տխուր ծիծաղով հիշեց, որ մաեստրոն թույլ չէր տալիս մարդիկ իրենց հինգ մետրից ավելի մոտենային. «Նա մեզ միշտ ասում էր` դուք թագուհիներ եք, պետք է ձեզ թագուհու պես պահեք և հյուրախաղերի ժամանակ չէր թույլատրում, որ մարդիկ հինգ մետրից ավելի մոտենային մեզ»: Երգչուհին կոմպոզիտորի հետ վերջին անգամ խոսել է մահվանից մեկ շաբաթ առաջ: «Քննարկում, քննադատում, գովաբանում էր համերգներ: Նա միշտ իր աշխատանքի մեջ էր: Նա ապրում էր իր արվեստով` օրկեստրով, երգիչներով: Իհարկե, ուներ աղջիկ, ում մահը շատ ծանր տարավ, բայց նրա համար բոլորս` օրկեստրը, համերգները, իր կյանքն էինք»,- հայտնեց տկն Նադեժդան: Ըստ նրա` վերջին պատգամը, որ ստացել է Օրբելյանից հետևյալն էր. ՙՆադյա ջան, այն, ինչ չի լինում, ուրեմն չպետք է լինի: Պետք է դա հասկանաս: Շատ կարևոր է, որ այդ «չլինելը» քեզ համար մեկ այլ ճանապարհ բացի, որ կարողանաս «լինելը» անել»:
Ըստ տկն Նադեժդայի` մաեստրոյի տեղն այսօր դատարկ է:
Երգչուհի Սյուզան Մարգարյանը նշեց, որ երկար տարիներ է աշխատել մաեստրոյի ղեկավարությամբ, և այն փորձը, որ ձեռք է բերել, այն ամենը, ինչ սովորել է այդ տարիներին, իր համար անփոխարինելի են: «Մեզանից հեռանում են մեր ազգի դեմքերը: Դրանք այն կորուստներն են, որոնք երբեք չեն վերականգնվի: Չեմ կարծում, որ մենք կունենանք երկրորդ մաեստրո` այս տեսակը, աշխատելաոճը, խստապահանջությունն ու սերունդներ դաստիարակելու հմտությունը, այն էլ` այդպիսի տաղանդով: Չգիտեմ` կլինի՞ երկրորդը: Թող ոչ ոք չնեղանա: Երբ մարդ իր վաստակով կարևոր տեղ է գրավում, բացակայության դեպքում այդ տեղը չի լրացվում»,- համոզված է տկն Սյուզանը:
Երգչուհին նշեց, որ իրենք ամեն բան անում էին մեծ պատասխանատվությամբ, քանի որ գիտեին` մաեստրոյի աչքն անդադար հետևում է իրենց, անգամ այն ժամանակ, երբ նա ներկա չէր. «Դա է ձևավորել բոլորիս: Մենք կարևորագույն դպրոց ենք անցել, որն այսօր չկա: Շատ կցանկանայի, որ երիտասարդները հնարավորություն ունենային անցնել այդպիսի դպրոց»:
Տկն Սյուզանը մաեստրոյին վերջին անգամ հանդիպել է մարտին` ԱՄՆ-ում: «Մենք համերգների էինք մեկնել, նա առաջին շարքում նստած էր, ցավոք, առողջական վիճակը թույլ չտվեց, որ իր անունը հայտնելուց հետո բարձրանար բեմ` իր ամենասիրելի տարածքը, ինչի համար շատ եմ ցավում»,- ասաց երգչուհին` տեղեկացնելով նաև, որ այդ ժամանակ ցանկություն է ունեցել հանդիպել Օրբելյանին, սակայն նա ասել է, որ հյուծված է: - գիտեր, որ կրկին գնալու եմ ԱՄՆ, ասաց` հաջորդ այցիդ անպայման կհանդիպենք, բայց…»:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը