Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին կներկայացնի «Մեսրոպ Մաշտոց» 2 գործողությամբ պատմական դրաման:  Դրամատուրգ Գևորգ Սարգսյանի հեղինակած «Մեսրոպ Մաշտոց» դրամայի  բեմադրությունն  ու  երաժշտական ձևավորումն ստանձնել է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Նա «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ տվյալ գործին անդրադառնալու անհրաժեշտությունն օրհասական է. «Ազգապահպանման, լեզվապահպանման  ու հայապահպանման  խնդիրը հիմա էլ է ծառացած, բացի այդ, ժամանակակից թատրոնից բացակայում էր հերոսը. որոշեցի Մաշտոցով վերադարձնել այդ հերոսին, որը տքնում ու ճգնում  է: Արդի ժամանակաշրջանում մենք ավելի շատ հեշտին ենք ձգտում, ուզում ենք ամեն ինչ հեշտ տրվի ու միանգամից: Թող հանդիսատեսը տեսնի, թե ինչ դժվարությամբ է ամեն ինչ ստեղծվում: Կարևոր խնդիրը նաև լեզվականն է՝ հայոց լեզուն՝ ազգային արժեքը  գնահատելու ու արժեվորելու: Կար պիեսի մի քանի տարբերակ, բայց այս մեկն ինձ գրավեց, քանի որ ներկայացված էր Մաշտոց մարդը՝ մտատանջվող, մտավորական, սիրող, հոգս ու ցավերով ապրող: Ժամանակը սրբացրեց Մաշտոցին, բայց նա մեզ նման մտածող ու մաքառող, նաև նահատակվող մարդ է եղել, կորցրել է ամենի ինչ՝ սերը, ընտանիքը` հանուն հայրենիքի»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:

 

 Ի դեպ, բավական ծախսատար  բեմադրությունն իր բոլորովին նոր դեկորացիաներով, հագուստներով, մասսայական տեսարաններով, խորհրդանիշերով  թատրոնի ծախսերով է իրականացվելու, սակայն նույնիսկ այս դեպքում՝ ինչպես Հովհաննես Հովհաննիսյանի, անպես էլ տնօրինության համար, եկամտաբեր լինելն այնքան էլ կարևոր չէ՝ կարևորն ազգային արժեքի մասին խոսելն ու հանդիսատեսին խոսքը հասցնելն է: «Նմանատիպ ներկայացումները չեն պահանջում եկամուտ: Անկեղծորեն՝ ես դրա մասին նույնիսկ չեմ մտածել, ոչ էլ ցանկացել եմ ինչ-որ «էժանագին» ձևով բեմադրել: Այսօր էլ ես տեսնում եմ այն վտանգը, որ կար 5-րդ դարում՝ օտարամոլություն, մատաղ սերնդի գաղափարախոսության  բացակայություն և ազգային արժեքների մոռացություն: Հաշվի առնելով այս ամենը՝ նույնիսկ երաժշտության մեջ  ենք աշխատել ամբողջովին հայ հեղինակների գործերն օգտագործել: Այս պիեսն ասելիք ու բավական մեծ գաղափարախոսություն ունի: Բեմադրության մեջ չկան 21-րդ դարի գույներն ու երագները, այլ դրանք պահպանողական են, փորձել  եմ մնալ դասական թատրոնի ու դասական սկզբունքերին հարազատ»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Բեմադրության  մեջ թատրոնի վաստակաշատ  դերասանների կողքին երիտասարդ սերունդն է: Դրաման ներկայացնում է երիտասարդ և արդեն ծեր Մասշտոցին, նրա ապրած կյանքն ու գործունեությունը: Նկարչական ձևավորումն ու զգեստները  թատրոնի երիտասարդ նկարչուհի Լուսինե Խաչատրյանինն են, պարերը՝ Անահիտ Մարտիրոսյանինը, թատրոնի գլխավոր ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը:  Բեմադրությունը նաև բավական ընդգրկուն  է կերպարների առումով՝ կա գործող հիմնական 21 կերպար: Առաջնախաղը տեղի կունենա հուլիսի 13-ին:

 

Արմենուհի Մխոյան