Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին։ Այն նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է, որը Եկեղեցին նշում է մի ճգնավորի կողմից Սրբի աճյունը աստվածային հայտնությամբ գտնելու կապակցությամբ:
Երիտասարդներին ողջունել է Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Նա բարձր է գնահատել ՀՀԿ երիտասարդների մասնակացությունը հոգևոր միջոցառումներին` խոսելով նաև Գրիգոր Լուսավորչի մասին և բացատրելով տոնի խորհուրդը:
Միջոցառման ընթացքում Երևանի Մայր եկեղեցուց հոգևորականի ուղեկցությամբ երիտասարդների և հավատացյալների մի խումբ ուղևորվել է Խոր Վիրապ, որտեղ տեղի են ունեցել ժամերգություն և կանթեղի վառում, ապա՝ վերադարձ դեպի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի: Այստեղ հոգևորականների դասը, համայնքի անդամները դիմավորել են Խոր Վիրապից բերված կանթեղը և թափորով շարժվել դեպի Մայր եկեղեցի:
Կանթեղի լույսով վառել են Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը և Խորանի մոմերը, կատարվել է Նախատոնակ և մասնակիցների օրհնության կարգ: Միջոցառումն ավարտվել է «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի և պարախմբի, ինչպես նաև այլ խմբերի տոնական համերգով: