ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը,  «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության հետ իրականացրել է «Ազգային հպարտություն» ծրագիրը:Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների շրջանում ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայ մշակութային ժառանգության, պետական խորհրդանշանների արժևորմանն ու պահպանմանը:

 

Ծրագիրը մեկնարկել է մայիսի 1-ից, որի ընթացքում փորձագետների կողմից մշակված նյութերի հիման վրա ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում մայիսի 19-ին անցկացվել է «Ազգային հպարտություն» թեմայով միասնական դաս-սեմինար, որի նպատակն է եղել դեռահասների շրջանում ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման, պահպանման ու մեծարման գիտակցության սերմանումը: Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի դպրոցներում հայտարարվել է «Ես հպարտ եմ, որ...» խորագրով  պաստառների մրցույթ, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների 8-րդ դասարանի աշակերտներ: Դպրոցների ուսուցիչների և ծնողների աջակցությամբ ստեղծել են ազգային արժեքներն ու պետական խորհրդանշանները ներկայացնող պաստառներ: Ստեղծված աշխատանքները իրենց ընկերներին, ուսուցիչներին, ծնողներին, համայնքի ամդամներին ներկայացնելու նպատակով կազմակերպվել են ներդպրոցական, համայնքային ցուցահանդես-միջոցառումներ:


Ցուցահանդեսների արդյունքում յուրաքանչյուր դպրոցից ընտրված մեկ լավագույն պաստառ տեղադրվել է ֆեյսբուք սոցիալական ցանցի համապատասխան էջում օն-լայն քվեարկություն կազմակերպելու համար: Քվեարկությանը մասնակցել են հասարակության լայն շերտեր. 10 օր շարունակ քվեարկություն է ընթացել նախընտրած պաստառների հեղինակների օգտին, որի արդյունքում ընտրվել է առավելագույն ձայներ հավաքած 36 աշխատանք:


Աշխատանքները կներկայացվեն հուլիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ցուցահանդես-մրցանակաբաշխության շրջանակում, որը կուղեկցվի համերգային ծրագրով: Մրցանակակիրները կպարգևատրվեն պատվոգրերով և խրախուսական մրցանակներով: