Հայաստանի գրողների միության գործունեությամբ հետաքրքրվողներն այսուհետև հնարավորություն կունենան տեղեկանալ միության անցուդարձին՝ վերագործարկված կայքի միջոցով: ՀԳՄ պաշտոնական՝ wua.am կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 2-ին՝ գրողների միության 80-րդ հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:

 

«Գրողների միության կայքը գործել է մինչև 2004 թվականը, բայց հիմա թարմացվել է և նորովի է ներկայացվելու մեր գործունեությունը: Կայքում տեղադրվելու են մեր գրողների գործերը, կենսագրականները, ինչպես նաև նորություններ, միության աշխատանքների հաշվետվություններ: Կայքի միջոցով հանրությանը կներկայացվի մեր գրականությունը և ընթացիկ կյանքը»,-նշեց Հայաստանի գրողների մմիության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

 

Միլիտոնյանը չբացառեց, որ կայքում զետեղված տեղեկատվությունը կարող է թարգմանվել և տարածվել նաև այլ լեզուներով:

 

Հայաստանի գրողների միության 80-րդ հոբելյանի կապակցությամբ կկազմակերպվեն տարատեսակ տոնական միջոցառումներ, գրքերի, հանդեսների շնորհանդեսներ, հոբելյանական երեկո: Տոնական միջոցառումների գագաթնակետը կլինի հուլիսի 4-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում անցկացվելիք հոբելյանական երեկոն, որի ընթացքում կհնչեն շնորհավորանքներ, և տարբեր գերատեսչություններ պարգևներ կհանձնեն գրողներին: