Երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովն այս տարի տեղի կունենա Երևանում, հուլիսի 14-16-ը: Ինչպես տեղեկացնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական կայքը, աշխատաժողովը բաղկացած է լինելու դասընթացներից, հանդիպումներից և նախագծերի ներկայացումներից: 10 նախագծերից մեկը ստանալու է 10 հազար ԱՄՆ դոլար մրցանակ:


Նախագծերի հավաքագրումը սկսվել էր 2014 թվականի մայիսի 1-ից, վերջնաժամկետը հունիսի 1-ն էր, որը հետագայում հետաձգվեց մինչև հունիսի 15-ը: Հավաքված նախագծերից 10-ը ընտրվել են մասնակցելու մրցույթին: Դրանցից 5-ը Հայաստանից են, 5-ը՝ Թուրքիայից, ընդ որում` երկուսը համատեղ արտադրություն են Ֆրանսիայի և Գերմանիայի հետ:

 

Այս տարի կինոպլատֆորմին կներկայացվեն «Մշո ճառընտիր» (ռեժիսոր՝ Սերժ Ավետիքյան), «Քարքարոտ արահետներ» (ռեժիսոր՝ Առնո Խայաջանյան), «Մեկ կանաչ, երեք կապույտ» (ռեժիսոր՝ Արսեն Առաքելյան), «Վերջին ներարկումը» (ռեժիսոր՝ Գուրգեն Ջանիբեկյան), «Փիսիկ» (ռեժիսոր՝ Այսե Փոլատ), «Չուհաջյանի քայլերով» (ռեժիսոր և պրոդյուսեր՝ Մեսուտ Թուֆան), «Ծեր ծառը»( ռեժիսոր՝ Մարիամ Օհանյան), «Պաստելիաղոտ նկարը» (ռեժիսոր և պրոդյուսեր՝ Սեվդա Ուսանողլու), «Ժամանակ», (ռեժիսոր և պրոդյուսեր՝ Նուրիյե Բիլիչի)  «Անատոլ իական հեղափոխականը. ընկեր Փարամազը», (ռեժիսոր Կադիր Ակին) նախագծերը:

 

Ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր և սցենարիստ Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), «Անադոլու Կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան),  «Եվրասիա» հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Հայաստան), Մեծ Բրիտանիայի դեսպանատնից՝ Նաիրա Սուլթանյանը (Հայաստան):

 

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը սկսել է իր գործունեությունը 2008 թվականին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Կուլտուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 15 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից: Այս միջոցառումը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

 

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ 2014» նախագիծը համաֆինանսավորված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով: