Ֆարել Ուիլիամսի հանրահայտ «Happy» երգի հիման վրա նկարահանված «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» տեսահոլովակը, որը երեկ հրապարակվել է "Youtube"-ում , հրապարակման պահից ի վեր շուրջ 18 ժամվա ընթացքում ունեցել է ավելի քան 35,000 դիտում: Տեսահոլովակը պատրաստել են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:

 

Տեսահոլովակը պարունակում է 70 էպիզոդ՝ շուրջ 120 մարդու մասնակցությամբ:Մասնակցել է նաև Արցախի բարեկամ, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ պարելով Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հաշմանդամների և աշխատակիցների հետ միասին:

 

Տեսահոլովակի հեղինակները նպատակ ունեն ցույց տալու, որ Արցախը ոչ թե հակամարտություն է, այլ զարգացող պետություն՝ իր առօրյա կյանքը վայելող երջանիկ բնակչությամբ: