Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը վերջերս նկարահանվել է գեղարվեստական նոր ֆիլմում, որը նախատեսված է ռուսական շուկայի համար: Գայանեն առաջինը ESem.am-ին է վստահել ֆիլմի մանրամասները:)
“Отель” կոչվող ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է: Գայանեն հայտնեց, որ նկարահանող թիմում հայեր են ընդգրկված, դերասանական կազմում` ռուսներ: «Գլխավոր դերակատարները ռուսներ են, հայ դերասանուհիներից միայն ես եմ ներկայանալու գլխավոր դերով: Ֆիլմում կան հայեր, սակայն ոչ գլխավոր դերով»,- նշեց նա:
Դերասանուհու փոխանցմամբ` իր կերպարը շատ հետաքրքիր է, սակայն չի ցանկանում շատ մանրամասներ հայտնել հերոսուհու բնավորության մասին, որպեսզի դիտելիս հետաքրքիր լինի: Ամեն դեպքում Գայանեն ասաց, որ մարդիկ կտեսնեն շատ զուսպ, հավաքված անձնավորության, ով կենտրոնացած է իր գործի վրա: Հաղորդավարուհու խոսքով` առաջին անգամ է ներկայանալու այսպիսի կերպարով և շատ է սիրել այն:
Գայանեն նշեց, որ լավ է տիրապետում ռուսերինին, սակայն չգիտի` կրկնօրինակում կլինի՞, թե՞ ոչ: «Հաշվի առնելով, որ ֆիլմը նախատեսված է ռուսական շուկայի համար, կերպարս էլ ոչ թե ինչ-որ տեղից է եկել, այլ ռուսաստանաբնակ կին է, եթե ես լինեի ռեժիսորը, կփոխեի ձայնը: Կարծում եմ` ճիշտ կլինի, որ ակցենտ չլինի»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին` թե ինչպես է ստացվել համագործակցությունը, Գայանեն ասաց, որ Ռոմանն իր վաղեմի ընկերն է: «Նա եղել է «Բարի լույսի» ռեժիսորը և աշխատել ենք իրար հետ»,- ասաց հաղորդավարուհին և հավելեց, որ ֆիլմերի շրջանակներում էլ առաջին անգամ չէր համագործակցում Ռոմանի հետ: «Առաջինն էր միայն այն առումով, որ գլխավոր դերով էի ներկայանում ռուսական շուկային համար նախատեսված ֆիլմում, ինչը շատ հաճելի էր»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է աշխատանքների առանձնահատկություններին` Գայանեն նշեց, որ շատ չի նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում, հիմնականում աշխատել է միևնույն թիմի հետ. «Բացառիկ պրոֆեսիոնալ թիմ է բոլոր առումներով: Չգիտեմ` դա Ոուսաստանի՞ ազդեցությունն է, թե՞ ոչ, ամեն դեպքում, կարծում եմ` դա մարդուց է կախված: Այն մոտեցումը, որ ես տեսել եմ այստեղ, երբևէ ոչ մի տեղ չեմ հանդիպել: Սակայն կրկնում եմ, որ գեղարվեստական ֆիլմերում շատ չեմ նկարահանվել, մեծ համեմատականներ չեմ կարող տանել»:
Ինչ վերաբերում է ամառային հանգստին` Գայանեն ասաց, որ հանգստի մեկնել առայժմ չի պատրաստվում` զբաղվածության պատճառով: Նրա խոսքով` վայելում է Հայաստանի գեղատեսիլ վայրերը:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը