Հայաստանի գրողների միությունն այս տարի կտոնի իր ստեղծման 80-րդ հոբելյանը: Հոբելյանի կապակցությամբ կկազմակերպվեն տարատեսակ տոնական միջոցառումներ, շնորհանդեսներ, հոբելյանական երեկո: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը միության հոբելյանին ընդառաջ՝ հունիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ մայրաքաղաքում կտիրի տոնական մթնոլորտ:


«Հուլիսի 2-ին Հայաստանի գրողների միության շենքում կբացվի միության անդամ գրող-գեղանկարիչների աշխատանքներն ամփոփող ցուցահանդեսները: Կցուցադրվեն գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանի ստեղծած նկարները, որոնք կներկայացնեն գրողների դիմանկարները: Կցուցադրվեն նաև միության նախկին ղեկավարների, ինչպես նաև դասական գրողների լուսանկարները»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

 

ՀԳՄ նախագահն ընդգծեց, որ հոբելյանի առթիվ տեղի կունենան մի շարք գրքերի, հանդեսների շնորհանդեսներ: քանի որ տարբեր գրողների ստեղծագործություններ են հրատարակվել արտասահմանում՝ օտար լեզուներով, այդ գրքերը կներկայացվեն ընթերցողների դատին:

 

«Բացի այդ, հուլիսի 2-ից  նորովի կգործի գրողների միության թարմացված կայքը: Այդ ուղղությամբ տարվել են մի շարք աշխատանքներ: Կայքում ներկայացվում են գրողների գործերը, տրված են տեղեկություններ նոր գրքերի մասին: Կայքը կփորձի ներկայացնել այն ամենը, ինչ արվում է միությունում»,-հավելեց Միլիտոնյանը:

 

Տոնական միջոցառումների գագաթնակետը կլինի հուլիսի 4-ին  Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում անցկացվելիք հոբելյանական երեկոն, որի ընթացքում կհնչեն շնորհավորանքներ, և տարբեր գերատեսչություններ պարգևներ կհանձնեն մեր գրողներին:

 

«Կհնչեն նաև մեր լավագույն բանաստեղծների գործերը, ինչպես նաև տարբեր ելույթներ: Միգուցե նաև իմպրովիզացիաներ  ունենանք»,-նշեց միության ղեկավարը:

 

Միլիտոնյանի կարծիքով, տոնակատարություններն առիթ կծառայեն նաև խոսելու ժամանակակից գրականության, ինչպես նաև մշակութային ժառանգության մասին, քանի որ հոբելյանն իր մեջ միայն պարգևներ չի ներառում:  

 

Խոսելով միության այսօրվա գործունեության մասին` Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ միությունն այսօր օգնում է բազմաթիվ գրողների շատ հարցերում: «Մեր միությունը եզակի կառույցներից է, որ տարեկան անվճար ստեղծագործական արձակուրդ է ուղարկում իր անդամներին: Զբաղվում ենք նաև գրողների հիվանդության հարցերով, լուծում ենք գրքերի հրատարակության հարցերը: Մենք ինքներս ենք փորձում հնարավորինս լուծել մեր խնդիրները»,-եզրափակեց Էդվարդ Միլիտոնյանը: