Լուրեր.com-ի զրուցակիցն է Հայկ Մագոյանը, ով աշխատելով խանութում և երազելով մեծ գրող դառնալու մասին՝ արդեն ունի մեկ հրատարակված գիրք և պլանավորում է երկրորդ գրքի հրատարակումը: Ինչպե՞ս է գրելով վաստակում, ո՞ւմ կամ ինչի՞ մասին է գրում, ի՞նչ են մտածում ավագ սերնդի ներկայացուցիչները երիտասարդ գրողի մասին: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք երիտասարդ գրողի հետ: 


-Ինչպե՞ս սկսեցիք գրել:


- Գրել սկսել եմ դեռևս տասը տարեկանից, բայց սերը դեպի գիրն ու գրականությունը կար դեռ ավելի վաղ տարիքից:

 

- Ինչի՞ մասին եք հիմնականում գրում, ինչի՞ց կամ ո՞ւմից եք ոգեշնչվում:


- Գրում եմ գրեթե ամեն ինչի մասին` սեր, հայրենիք, մայր, այն ամենի, ինչն առնչվում է կյանքին: Ոգեշնչվում եմ գեղեցկից, անձրևից: Բանաստեղծը գրում է, երբ հոգին ուզում է լացել…

 

- Ո՞րն է գրքի ասելիքը, այլ խոսքով՝ ինչո՞ւ պետք է ընթերցողը կարդա այն:


- Բանաստեղծություններիս առաջին ժողովածուն անվանել եմ «Նոր Ճանապարհ»: Գրքում յուրաքանչյուր ընթերցող կարող է գտնել ինքն իրեն: Գրքում տեղ գտած ստեղծագործությունները յուրաքանչյուրին կստիպի ապրել իր իսկ կյանքից մի փոքրիկ դրվագ:

 

- Գաղտնիք չէ, որ սերունդների միջև միշտ էլ հակասություններ են լինում. մեծերը մի տեսակ թերահավատությամբ են վերաբերվում երիտասարդ գրողներին: Ի՞նչ կարծիքներ եք լսել ավագ սերնդից:


- Այդ առումով ես ինձ կարող եմ այն երջանիկների թվին դասել, ովքեր դրական կարծիքներ են լսել: Իհարկե, խորհուրդներ շատ են եղել, բայց այն, որ հասարակության ավագ սերունդը հավանեց և մեծարանքի խոսքեր շռայլեց, փաստ է: Ես հպարտ եմ ու երջանիկ, որ կարողացել եմ խոսքս տեղ հասցնել:

 

- Ակնհայտ է, որ այսօր գրելով ապրուստդ չես վաստակի: Գիտեմ, որ մասնագիտությամբ լրագրող եք: Ինչպե՞ս եք վաստակում Ձեր ապրուստը:


Այո, ես լրագրող եմ ու շատ եմ սիրում մասնագիտությունս, բայց ավաղ… Այժմ խանութում եմ աշխատում, զբաղվում եմ նաև հանդիսավարությամբ: Համենայն դեպս, դատարկ գրպաններով ոչինչ անել չես կարող:

 

- Վերջերս շատ լրատվամիջոցներ անդրադարձան Ձեզ՝ որպես երիտասարդ ստեղծագործողի, և հիմնական շեշտը եղավ այն, որ խանութում եք աշխատում` Ձեր ծախսերը հոգալու համար: Կարծում եք՝ կգա՞ մի օր, երբ գումար կվաստակեք գրելով:


- Ես, համենայն դեպս, պիտի պայքարեմ հանուն դրա: Ստեղծագործական աշխատանքով ընտանիք պահելն առաջնային նպատակ է: Կապրենք, կտեսնենք:

 

- Ապագայում ի՞նչ սպասել Ձեզնից:


- Ասեմ, որ առաջիկայում պատրաստում եմ հրատարակել երկրորդ ժողովածուս` այլ ձևաչափի մեջ: Քանի որ նաև երգի խոսքեր եմ գրում, պլանավորում եմ կյանքի կոչել դրանցից մի քանիսը: Ավելի խորացված կզբաղվեմ միջոցառումների կազմակերպմամբ: Համենայն դեպս, լսողն ու ընթերցողը շատ շուտով առիթ կունենա լսելու Հայկ Մագոյան անուն-ազգանունը:

 

- Ի՞նչ կոչ կանեք երիտասարդներին:


- Երիտասարդներին կոչ եմ անում պայքարել իրենց նպատակների ու երազանքների համար, որովհետև պայքարող մարդը հասնում է իր ուզածին: Նաև խորհուրդ եմ տալիս գնահատել ունեցածը: