Չինական Tianhe-2 գերհամակարգիչը մնում է աշխարհի ամենահզոր համակարգիչը: Այն  վերստին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Թոփ-500» միջազգային վարկանիշում, որը հրապարակվել է հունիսի 23-ին: Այդ ցուցակում, որը տարվա ընթացքում նորացվում է երկու անգամ, թվարկված են աշխարհի  500 ամենաարտադրողական համակարգչային համակարգերը: 

 

Չինական գերհամակարգիչը մշակվել է Չանշա քաղաքում (Հունանի նահանգ, Կենտրոնական Չինաստան) Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի պաշտպանական գիտության ու տեխնիկայի համալսարանում: Tianhe-2-ի արտադրողականությունը հասնում է 33,86 պետաֆլոպսի: Դա նշանակում է, որ այն վայրկյանում կատարում է 33,86 կվադրիլիոն համակարգչային գործողություն: Այդ համակարգիչն առաջին անգամ 1993 թվականին հրապարակված «Թոփ-500» վարկանիշում առաջին հորիզոնականն է զբաղեցնում արդեն երրորդ անգամ անընդմեջ:

 

Երկրորդ տեղը բաժին Է հասել ԱՄՆ-ի Թեննեսիի նահանգի Օուք-Ռիջ ազգային լաբորատորիայի Titan համակարգչին: Այն ունի 17,59 պետաֆլոպս արտադրողականություն: Երրորդ դիրքում ամերիկյան Sequoia գերհամակարգիչն է՝ 17,17 պետաֆլոպս հզորությամբ:

 

 «Թոփ-500»-ի կազմողների խոսքով՝ ցուցակի առաջին տասնյակը գործնականում չի փոխվել 2013 թվականի նոյեմբերի համեմատությամբ, երբ ներկայացվել է նախորդ վարկանիշը: Աշխարհի ամենահզոր տասը համակարգիչներից վեցը գտնվում են ԱՄՆ-ում, մեկական՝ Չինաստանում, Ճապոնիայում, Շվեյցարիայում և ԳՖՀ-ում: Իսկ ընդամենը «Թոփ-500» վարկանիշում տեղ են գտել 233 գերհամակարգիչ՝ ԱՄՆ-ից, 73-ը՝ Չինաստանից, 30-ական՝ Մեծ Բրիտանիայից և Ճապոնիայից, 27-ը՝ Ֆրանսիայից, 23-ը՝ Գերմանիայից: 

 

Գլոբալ վարկանիշում Ռուսաստանը ներկայացված է հինգ համակարգչային համակարգերով, որոնցից ամենաարտադրողականը «Լոմոնոսով» գերհամակարգիչն է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանից, որն ունի 0,9 պետաֆլոպս հզորություն եւ զբաղեցնում Է 42-րդ տեղը: