Կոպենհագենում հունիսի 21-ին բացվել է «EuroScience2014 (ESOF2014)» համաժողով-փառատոնը, որին 75 երկրներից մասնակցում է շուրջ 4500 մարդ և Նոբելյան վեց մրցանակակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ համաժողովի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հունիսի 22-ին, որին ներկա էին և բացման խոսքով հանդես եկան Դանիայի թագուհի Մարգրեթ Երկրորդը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Դանիայի բարձրագույն կրթության և գիտության նախարար Սոֆի Կարստեն Նիելսենը: Պաշտոնական բացման ժամանակ տեղի է ունեցել նաև քննարկում CERN-ի տնօրեն Ռոլֆ Դիտեր Հոյերի և նրա գործընկեր Ֆաբիոլա Ջանոտտիի մասնակցությամբ:
Այս համաժողովը համարվում է Եվրոպայի ամենամեծ և հեղինակավոր գիտական համաժողովներից մեկը և անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որին հավաքվում են մեծ թվով գիտնականներ, գիտության և կրթության տարբեր բնագավառների ներկայացուցիչներ:
«ESOF 2014» համաժողով-փառատոնի հիմնական թեմաներն են կրթության վերապատկերացումները, թվայնացման դարում կրթության և գիտության խնդիրները, «կամուրջների» ստեղծումը ինչպես գիտական տիրույթներում, այնպես էլ գիտության և հասարակության միջև:
Համաժողովի շրջանակներում Կոպենհագենում տեղի է ունենում նաև «Գիտությունը քաղաքում» փառատոնը, որին ակնկալվում է ավելի քան 30000 մարդու այցելություն:
Այս տարի «EuroScience Open Forum (ESOF2014)» համաժողովին զուգահեռ անկացվող այս փառատոնում Հայաստանը ներկայացված է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայկական Վիրտուալ Համալսարանի, Dasaran.am-ի, «Woodpecker», «Instigate» կազմակերությունների միջոցով, որոնք մասնակցելու են նաև ESOF-ի շրջանակներում հունիս 26-ին անցկացվելիք «Re-imagining education» թեմայով աշխատանքային սեմինարին:
Հայաստանի համար հատկացված տաղավարում ներկայացված են մի շարք նորարարական տեխնոլոգիաներ և արտադրություն: Ցուցահանդեսի այցելուներն անձամբ իրենց ձեռքերով կարող են փորձարկել կրթական նորարարական գործիքներ, ինչպիսիք են 3D տպիչները, ռոբոտները և առցանց խաղերը` բոլորն էլ նախագծված և կյանքի կոչած հայ մասնագետների կողմից:
«EuroScience Open Forum (ESOF2014)» համաժողով-փառատոնին Հայաստանը ներկայացվել է «AmStream» հասարակական կազմակերպության ջանքերի շնորհիվ, որում համախմբված են շուրջ 20 հայ և դանիացի երիտասարդ գործարարներ և մասնագետներ:
«AmStream»-ի աշխատանքներին աջակցել է Դանիայում ՀՀ դեսպանությունը: