Աշխարհում Տոսկայի ամենահայտնի դերակատարներից մեկը`երգչուհի Հասմիկ Պապյանը կվերադառնա Հայաստան՝ հայ ունկնդրի համար կրկին կատարելու «Տոսկայի»  դերերգը: Անվանի երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հուլիսի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ֆիլհարմոնիկը կղեկավարի ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:


Հայ ունկնդիրը Պապյանի կատարմամբ առաջին անգամ չէ, որ ունկնդրում է Տոսկայի դերերգը: Այս տարվա փետրվարին համաշխարհային օպերային արվեստի անկրկնելի գլուխգործոցներից մեկը` Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան համերգային կատարմամբ ներկայացվեց հայ հանդիսատեսին: Ողբերգական ավարտ ունեցող սիրո մասին պատմող օպերայում ՀՊՖՆ-ի հետ հանդես եկան մի շարք հայտնի հայ մենակատարներ, որոնց թվում էին Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, նաև Հրանտ Պապյանը, ով Հասմիկ Պապյանի եղբայրն է: Միջոցառմանը մասնակցեցին նաև «Հովեր» կամերային (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սոնա Հովհաննիսյան) և «Սպեղանի» (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սարինե Ավթանդիլյան) երգչախմբերը:

 

«Ես ցնցված եմ: Ես երբեք չէի կարող երևակայել, որ Հայաստանում այսպիսի ընդունելության կարժանանամ: Դե ես հայրենիքում առաջին անգամ չեմ երգում: Բայց այսպիսի ընդունելություն, այսպիսի  հանդիսատես… Սա ինձ համար ամենամեծ բացահայտումն էր: Ապրեցնող երևույթ էր: Հատկանշական է, որ «Տոսկան» մենք հայկական կազմով էինք ներկայացնում: Ես Տոսկայի դերերգը հարյուրավոր անգամ եմ կատարել, սակայն երբեք այն հայկական կազմով չեմ ներկայացրել:-«Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում  ավելի վաղ նշել էր Հասմիկ Պապյանը:-Երեք փորձով նման բարդագույն օպերան բեմ հանելը, այսպիսի մակարդակով ներկայացնելը իսկապես ցնցող է: Նախորդ տարի ամռանը Էդուարդ Թոփչյանի հետ որոշում էինք, թե ինչ կարելի է ներկայացնել, ես անմիջապես «Տոսկան» մտաբերեցի, քանի որ այն 50 տարի չէր ներկայացվել Հայաստանում: «Տոսկան» այնպիսի օպերա է, որ զարդարում է ցանկացած թատրոնի խաղացանկը: Իհարկե, այն պետք է բեմադրել: Ես միայն մեկ անգամ եմ այն ներկայացրել համերգային կատարմամբ: «Տոսկան» դրամա է, այն խաղ է պահանջում, տարածություն` ցույց տալու և ամբողջությամբ արտահայտելու զգացմունքները: Մենք, իհարկե, փորձեցինք մեր հույզերին հաղորդակից դարձնել հանդիսատեսին, սակայն եթե լինեին բեմական հագուստներ, ձևավորում, եթե ես իսկապես ցատկեի Կաստել Սանտ Անջելոյից ներքև, տպավորություններն այլ կլինեին: Հույս ունեմ, որ կանդրադառնանք այս օպերային»:

 

Իտալացի հայտնի օպերային կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան աշխարհի բեմերում ամենահաճախ բեմադրվող գործերից է: Երեք գործողությամբ ստեղծագործության իտալերեն լիբրետոն գրվել է Վիկտորիեն Սարդուրի համանուն պիեսի հիման վրա: Առաջին անգամ օպերան ներկայացվել է 1900 թվականի հունվարի 14-ին և ունեցել է մեծ հաջողություն։ Պուչինին համարվում էամենախոշոր օպերային կոմպոզիտորներից մեկը: