Մարդկային հինգ տարբեր ճակատագրերի մասին պատմող «Շքամուտք» ֆիլմը հունիսի 20-ից հնարավոր է դիտել կինոթատրոններում: 1990-ական թվականների իրադարձությունների համատեքստում մարդկային տարբեր ճակատագրեր շաղկապող ֆիլմը ռեժիսոր Լուսինե Սարգսյանի աշխատանքն է: Մեկ շքամուտքի հինգ դռների հետևում ապրող մարդկանց խնդիրները, դժվարությունները, կյանքը ներկայացնող կինոնկարը հունիսի 19-ին փակ ցուցադրությամբ ներկայացվեց ստեղծագործական կազմին, լրագրողներին և կինոքննադատներին:


Ռեժիսոր Լուսինե Սարգսյանը ցուցադրությունից հետո նշեց, որ բավական լարված էր, որովհետև իր համար շատ կարևոր էր հատկապես կինոքննադատների և լրագրողների կարծիքը:

 

«Սա իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է, և ես հենց սկզբում խնդրեցի, որ բոլորը լինեն շատ խիստ և օբյեկտիվ, որովհետև դա օգնում է, որ մտածես բացթողումների մասին, թե ինչքանով է ֆիլմը ստացված, ինչ ունես ուղղելու, որքանով է հետաքրքիր: Երբ վերջացավ, հասկացա, որ այն լավ է ընդունվել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լուսինե Սարգսյանը:

 

Խոսելով ֆիլմի «Մի մուտք, մի քաղաք, մի մոլորակ» կարգախոսի մասին` Լուսինե Սարգսյանն ընդգծեց. «Մի մուտքում հավաքված են ճակատագրեր և պատմություններ, որոնք կարող են լինել քաղաքի և աշխարհի բոլոր մուտքերում: Յուրաքանչյուր պատմություն կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ»: Ռեժիսորի խոսքվ` ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում, այնուհետև այն կուղարկվի նաև այլ փառատոնների:

 

Կինոքննդատ Զավեն Բոյաջյանը, խոսելով ֆիլմի մասին, նշեց, որ առանձին նովելներից կազմված նմանատիպ ֆիլմեր աշխարհում շատ կան, որոնք ներդաշնակ միասնություն են կազմում: «Ուրախ եմ, որ հայկական կինոն փորձում է հեռանալ սյուժեի կառուցման ավանդական եղանակներից և փորձում է ավելի ժամանակակից ձևեր գտնել` ինտեգրվելով այսօր ընդունված համաշխարհային գործընթացներին: Դա, անկասկած, դրական միտում է և պիտի արժեվորվի: Սովորաբար, մեր կինոն այնքան էլ ներգրավված չէ սոցիալական թեմատիկայի մեջ, կյանքի իրական շունչը շատ հաճախ պակասում է: «Շքամուտքի» նման ֆ իլմերն ստանձնել են մեր անցած կյանքը հայկական կինո բերելու գործը»,- նշեց Բոյաջյանը:

 

Կինոքննադատի կարծիքով` հետաքրքրական է, որ փորձ է կատարվում վերաիմաստավորել 90-ականները և ներկայացնել դրանք այսօրվա տեսանկյունից: «Թեև սյուժեն կառուցելու հետաքրքիր եղանակ է ընտրված, բայց հինգ նովելները, որոնք հեղինակել են տարբեր մարդիկ, այնքան էլ չեն կապվում: Ֆիլմը սկսվում է շատ ավելի բարձր նոտայով և իջնում է բարձունքից, իսկ ավարտը «տրաֆարետային» է` լուսաբացը և մանկան ճիչը»,- նշեց կինոքննադատը:  

 

«Շքամուտք» ֆիլմի սցենարի հեղինակներն են Հարություն Հարությունյանը, Գնել Նալբանդյանը, Հովհաննես Թեքգյոզյանը և Կարինե Խոնդիկյանը: Գլխավոր դերերը մարմնավորել են Շանթ Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը և Լարիսա Ղևոնդյանը, Բաբկեն Չոբանյանը, Արշավիր Փանոսյանը, Ռուբինա Ռուբենը, Աշոտ Դիզակը, Հերմինե Ստեփանյանը, Լիլի Վարդանյանը և Սաթիկ Հախնազարյանը: Ֆիլմն էկրանավորել «Արեմակ» ընկերությունը:

 

«Շքամուտք» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը բաղկացած է հինգ նովելից: Նովելներից մեկը պատմում է արտագնա աշխատանքի արդյունքում ձևավորված սիրային հարաբերությունների և ճակատագրական շրջադարձի մասին: Կինը և տղամարդը 90-ականներին, ելնելով երկրի սոցիալական ծանր պայմաններից, մեկնել են Լեհաստան` արտագնա աշխատանքի` հայրենիքում թողնելով յուրաքանչյուրն իր ընտանիքը: Տարիներ շարունակ ապրել ու աշխատել են, ապա կորցրել են միմյանց ու վերադարձել հայրենիք: Բաժանումից 20 տարի անց նրանք անսպասելի հանդիպում են:

 

Մյուս նովելը ընկերության կորստի մասին է: 90-ականներին հատուկ ֆինանսական շրջապտույտը պատճառ է դառնում խաբեության, բարոյական անկման և, ի վերջո, ընկերների բաժանման: Երրորդ նովելն, առաջին հայացքից, խափանված ժամադրություն է, որի ֆոնին երևանցիներին հատուկ մի տան պես ապրելու, միմյանց օգնելու հատկությունն է, ինչը շատ ցայտուն երևաց հենց 90-ականների մութ ու ցուրտ տարիներին, երբ մի վառարանի կողքին կարող էր հավաքվեր մի ողջ շքամուտք: Հենց այս նովելն էր հատկապես դուր եկել կինոքննադատ Զավեն Բոյաջյանին:

 

Հաջորդ նովելը ազատամարտիկի պատմություն է, որն իր սկզբունքներին հավատարիմ մնալու պատճառով դատապարտված է միայնության՝ լքված ընտանիքի կողմից: Սակայն նա պատրաստ է իր անցած ճամփան անցնել նորից` ոչինչ չփոխելով: Նոր զգացմունքները խթանում են վերսկսել կյանքը, հավատալ ապագային:

 

Նովելների շարքը եզրափակվում է նոր ծնվող կյանքի գաղափարով: Հերոսները 90- ականների գորշ իրականության մեջ ապրող ու ապագային հավատացող հղի կանայք են, որոնք բնությունից տրված մայրական ուժի շնորհիվ ծնեցին ներկայիս սերունդը: Այս հիմքի վրա կառուցված է երկու կնոջ պատմություն, երկուսն էլ հղի, որոնք ապրում են նույն ընտանիքում: Նրանց ամուսիններն ընտրել են տարբեր ճանապարհներ՝ մեկը` Արցախյան պատերազմ, մյուսն` արտագնա աշխատանք: Կանայք նույնպես հակասական են իրենց բնույթով ու սկզբունքներով: Անկախ առօրյա վեճերից և հնարավոր կորուստներից` նրանք պայքարում են իրականության դեմ ու փայփայում իրենց մեջ ապրող երազը: